Ադրբեջանի հատուկ ծառայությունները և Գլենդելի նրանց բանկային հաշիվները

hacking-team1Իտալիայում գտնվող Հաքերական թիմի (ՀԹ) կողմից վերջերս Վիկիլիքսում հրապարակված էլփոստային գրագրությունները մի շարք բացահայտումներ են պարունակում: Դրանցից մեկն այն է, որ ՀԹ-ն շուկա է հանել և վաճառել իր հաքերական ծրագրերը, որոնց նպատակն է եղել հետևել կառավարությունների և կառավարությունների հետ կապված մարմինների համակարգիչներին և սմարթֆոններին Ռուսաստանում, Թուրքիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: ԱՄՆ-ում լույս տեսնող Armenian Weekly հանդեսում հոդվածագիր Էմիլ Սանամյանը գրում է, որ 2013-2015 թթ. միջև ընկած ժամանակահատվածում ՀԹ-ի հաճախորդների թվում է եղել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը:

Թբիլիսիում աշխատող լրագրող Մայք Ռունին արդեն իսկ մանրամասնել է այն տեխնիկական դժվարությունների մասին, որոնց Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը բախվել է ՀԹ-ի ծրագրերն օգտագործելիս: Մի բան մինչև այժմ դուրս է մնացել ուշադրությունից՝ Ադրբեջանի կառավարությունը ՀԹ-ի հետ իր գործարքներում ներգրաված է եղել միջնորդ մի մարդու: Ու թեև ՀԹ-ի ծրագրերի վերջնական սպառողը Ադրբեջանի ԱԱՆ-ն էր, վճարումները՝ ընդհանուր 384 000 դոլար, կատարվել են մեկ այլ կազմակերպության՝ Horizon Global Group-ի միջոցով, որը պատկանում է Աբիկ Չարուխչև անունով մի մարդու:

Տեղական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ 2007թ. Չարուխչևը Ադրբեջանի տեխնիկական համալսարանում (նախկին Պոլիտեխնիկ) ֆակուլտետի դեկան էր, երբ սկսեց ղեկավարել Բաքվում վրացական հրեաների սակավաթիվ համայնքը: Չնայած նա անգլերենին լավ չէր տիրապետում և չէր կարող ուղղակիորեն հաղորդակցվել ՀԹ-ի հետ, Ադրբեջանի ԱԱՆ-ն պնդել է, որ որպես ՀԹ-ի պաշտոնական հաճախորդ ներկայանա հենց Չարուխչևը: Հետխորհրդային երկրներում պաշտոնյաները սովորաբար նման գործարքների մասամբ գնում են քողարկելու իրենց անմիջական ներգրավվածությունը, բայց առավելապես՝ բյուջետային հատկացումներից գրպանումներ կատարելու համար:

Չարուխչևի Horizon Global Group-ի գործում անսովոր էր այն, որ ընկերությունը, ըստ հրապարակումների, գրանցված էր ԱՄՆ-ում և օգտագործում էր Կալիֆոռնիայում ներկայացող հասցե (P.O. Box 4379, Rancho Palos Verdes, CA 90274): Կալիֆոռնիայի նահանգի քարտուղարության շտեմարանում որոնումները չհաստատեցին, որ նահանգում կա Horizon Global Group անունով գրանցված ընկերություն: Սակայն հասցեի գուգլ-որոնումը ցույց տվեց, որ Աբիկ Չարուխչևը կամ նրա անունից ինչ-որ մեկը, օգտագործել է փոստային նույն հասցեն և Չարուխչևի անունը Bank of America-ի հաշվեհամարում, որն ի սկզբանե բացվել էր Bank of America-ի Գլենդելի մի հասցեում (203 N. Glendale Ave, Glendale, Calif):

Ինչո՞ւ մի անհատ, որը Ադրբեջանի ԱԱՆ-ի գործարքի ֆինանսական գործողություններն է կատարում, պետք է գնար ԱՄՆ-ի ամենահայահոծ քաղաքը և այնտեղ բանկային հաշիվ բացեր: Հիմնավոր է այն կասկածը, որ դա արվել է Գլենդելում փող ծախսելու նպատակով (հավանաբար օգտագործելով տեղական ապահով հաշվեհամարը) ընդդեմ Հայկական սփյուռքի, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է իր երկրի թիվ մեկ թշնամին:

Հայտնի է, որ 2006թ. Լոս Անջելեսում իր հյուպատոսությունը բացելուց ի վեր Ադրբեջանի նպատակն է եղել լոբբինգ իրականացնել Կալիֆոռնիայի քաղաքական գործիչների շրջանում: Ադրբեջանցի պաշտոնյանեը կանոնավոր այցելում են Կալիֆոռնիա, իսկ Կալիֆոռնիայի մի խումբ քաղաքական գործիչներ օգտվել էին Ադրբեջան անվճար այցելելու հնարավորությունից (ի հեճուկս նահանգի մակարդակով դրա դեմ հայ համայնքի ներկայացրած օրենսդրական սահմանափակումների) և Ադրբեջանի օգտին փորձել էին հայտարարություններ անել նահանգի անունից:

Այս գործի առնչությամբ առավել իրազեկ պատասխանը կարող է գալ իրավապահ մարմինների կողմից բանկային հաշվեհամարի և դրա հետ կապված անձանց հետաքննությունից:

Մեկնաբանել