ՀԲ-ն ևս $40 մլն է հատկացնում Հայաստանի գյուղական ճանապարհներին

rural roadsՀամաշխարհային բանկը (ՀԲ) լրացուցիչ 40 միլիոն դոլար վարկ է տրամադրում Հայաստանի Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի (LRNIP) համար:

Ծրագրին լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը հաստատել է բանկի տնօրենների խորհուրդը Վաշինգտոնում, հուլիսի 31-ին:

«Այս ծրագիրը կօգնի ՀՀ կառավարությանը շուկաների ու սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավմանն ուղղված հետագա աշխատանքներում՝ ապահովելով կենսական նշանակության ճանապարհներից ևս 155 կմ հատվածի վերակառուցումը և կհանգեցնի աշխատատեղերի ստեղծմանը՝ հիմնականում գյուղական բնակչության համար: Ծրագիրը նաև կօգնի կենսական նշանակության ճանապարհային ցանցի անվտանգության ու կառավարման, այդ թվում աղետներին արձագանքման հարցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարողությունների ամրապնդմանը»,- ասված ՀԲ տարածած հաղորդագրությունում:

Չնայած 2009-ից ի վեր տեղ գտած տեսանելի դրական տեղաշարժերին՝ Հայաստանում կենսական նշանակության ճանապարհների մոտ կեսը շարունակում է մնալ վատ վիճակում և դրանց վերականգնման ու պահպանության համար դեռևս ներդրումների կարիք է զգացվում: Առևտրի դյուրացումը և տեղական արտադրողների կապը շուկայի հետ շարունակում են հանդիսանալ գյուղական աղքատության կրճատման և տնտեսական աճի խթանման կարևորագույն գործոն: Ճանապարհային վատ պայմանների հետևանքով գյուղական բնակավայրերի առևտուրը օպտիմալ ծավալների չի հասնում, քանի որ շուկաների հետ կապը սահմանափակ է: Սա թույլ չի տալիս դյուրացնել առևտուրը գյուղի հետ, բնակիչների կողմից ապրանքը ժամանակին շուկա չհասցնելու պատճառով, որի արդյունքում որոշ համայնքներում բերքի զգալի մասը փչանում է:

«Ինչպես հիմնական ծրագրի իրականացման, այնպես էլ կենսական նշանակության ճանապարհների լրացուցիչ հատվածների վերականգնման ընթացքում գյուղական բնակավայրերում կստեղծվեն ժամանակավոր աշխատատեղեր և կբարելավվի հիմնական սոցիալական ծառայությունների հասանելիությունը,- ասել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, – գյուղական ենթակառուցվածքների բարելավումն ու դրանց պահպանումը խիստ կարևոր են, որպեսզի զարկ տրվի գյուղատնտեսական առևտրին և դրանով իսկ խթանվի հետագա տնտեսական աճն ու տեղերում աշխատատեղերի ստեղծումը»:

Հիմնական ծրագրի իրականացումը հաջող է ընթացել: Առաջարկված լրացուցիչ ֆինանսավորման հետ մեկտեղ վերակառուցվող ճանապարհների հատվածները կկազմեն 360 կմ, որից 73 կմ-ի աշխատանքներն արդեն ավարտված են: 2009-ից ի վեր՝ նախորդ Հայաստանի Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի (LRIP) մեկնարկից հետո, նկատելի են դրական տեղաշարժեր տեղերում աշխատատեղերի ստեղծման առումով, իսկ ճանապարհների վրա ծախսվող ժամանակը կրճատվել է 40 տոկոսով: Համաշխարհային բանկի տրամադրած 101.6 միլիոն դոլար ֆինանսավորմամբ իրականացված Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի (LRIP) շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում արդեն իսկ վերակառուցվել է 433 կմ ճանապարհ:

Ծրագրային առաջին տարվա աշխատանքները ներառում են ճանապարհային 7 տարբեր հատվածներ 5 մարզերում, իսկ մնացած հատվածները կորոշվեն ծրագրի իրականացմանը զուգընթաց: Առաջին յոթ հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 50.5 կմ. դրանք վատ կամ շատ վատ վիճակում գտնվող ասֆալտե ճանապարհներ են, որոնցից օգտվողների ընդհանուր թիվը կազմում է 183.446 հոգի:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 45 միլիոն դոլար, որից 5 միլիոն դոլարը ներդրվում է ՀՀ կառավարության կողմից: Համաշխարհային բանկի կողմից տրամադրվում է ՎԶՄԲ վարկ 40 միլիոն դոլարի չափով` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով:

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 2.159 մլրդ դոլար:

Մեկնաբանել