Թուրք երկու զինվորական զոհվել է և 31-ը վիրավորվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մահապարտի իրականացրած պայթյունի հետևանքով: Ինչպես հաղորդում է BBC-ն, վկայակոչելով Թուրքիայի իշխանություններին, վիրավորներից չորսի վիճակը ծանր է:
Օգոստոսի 2-ին Դողուբայազիտ քաղաքում` Իրանի հետ սահմանից ոչ հեռու, թրթուրավոր մեքենան մխրճվել է ռազմական ոստիկանության հսկիչ անցակետի մեջ:
Թուրքական Anadolu պետական գործակալության տեղեկություններով` մեքենայում 2 տոննա պայթուցիկ է եղել:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` պայթյունն այնքան ուժգին է եղել, որ վնասվել են անցակետից մի քանի հայրուր մետր հեռու գտնվող տները: Վնասվածքներ են ստացել նաև մի քանի տեղաբնակներ:
Dogan գործակալությունը հաղորդում է, որ զինյալները պայթյունի վայր տանող ճանապարհները դարանակալած են եղել, որպեսզի թույլ չտան օգնություն ցուցաբերել տուժածներին:
PKK-ի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում կատարվածը:
AFP-ն նշում է, որ վերջին բախումների սկսվելուց ի վեր PKK-ին առաջին անգամ են մեղադրում մահապարտ զինյալներ օգտագործելու մեջ:
Անցյալ շաբաթ Թուրքիայում տեղի էին ունեցել մի շարք պայթյուններ և հարձակումներ, որոնց պատասխանատվությունը երկրի իշխանությունները գցել էին PKK-ի զինյալների վրա:
Վերջին շաբաթվա ընթացքում թուրքական ավիացիան հայրուրավոր հարվածներ է հասցրել քուրդ անջատողականների դիրքերին թուրք-իրաքյան սահմանի երկու կողմերում: Միաժամանակ Թուրքիան ավիահարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին Սիրիայում` փորձելով նրանց հետ մղել թուրքական սահմանից:
Թուրքական պետական գործակալության հաղորդմամբ` սկսած հուլիսի 24-ից` մոտ 260 քուրդ զինյալ է սպանվել թուրք-իրաքյան սահմանի երկու կողմերում ռմբակոծումների արդյունքում: Առնվազն վեց մարդ սպանվել է թուրքական ավիահարվածների հետևանքով իրաքյան Էրբիլ քաղաքի արևելքում` Զարքել գյուղում, հայտնում են տեղի իշխանությունները:
Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է. «Մենք դատապարտում ենք ռմբակոծությունը, որը հանգեցրել է քրդական շրջանի բնակիչների նահատակության, և Թուրքիային կոչ ենք անում այլևս չհարվածել խաղաղ բնակիչներին»:
Թուրքական բանակի ներկայացուցիչները վստահեցնում են, որ հետաքննել են միջադեպը: Նրանք հերքում են հայտարարությունները, թե գյուղին հասցված հարվածներից կարող էին տուժել խաղաղ բնակիչներ: