Ինչո՞ւ Համահայկական խաղերի սփյուռքահայ մասնակիցները չեն գիշերում Գյումրիում

KONICA MINOLTA DIGITAL CAMERA«Նարինջ ուտող սփյուռքահայ» ձևակերպումը առաջին անգամ օգտագործել է Լևոն Տեր-Պետրոյանը 1990-ականների սկզբին՝ ալեկոծելով սփյուռքահայ և հայաստանյան շրջանակներ:

Ժամանակին ես էլ եմ քննադատել Տեր-Պետրոսյանին` գրելով, որ չի կարելի նման բնորոշում տալ, անգամ եթե այն վերաբերում է մեր բարեկամ, մեր եղբայր, մեզ ու Հայաստանին և Արցախին օգնող, մեր կողքին կանգնած Սփյուռքի նեղ շրջանակի:

Այսօր ես ինքս եմ գրում, որ, այո՛, կա նարինջ ուտող սփյուռքահայ:

Դա վիրավորական չէ: Դա մեղադրանք չէ: Դրանք կոնկրետ մարդիկ են, ովքեր հայրենասիրությունը դարձրել են դրոշակ: Սրանք այն մարդիկ են, սրանք այն նարինջ ուտողներն են, ովքեր նեղ պահին հայրենիքին չեն օգնում:

Առաջին անգամ Համահայկական խաղերը Երևանից բացի անցկացվում են նաև Հայաստանի այլ քաղաքներում: Օգոստոսի 2-ից 7-ը Գյումրիում անցկացվում են ֆուտբոլի և ֆուտզալի մրցումներ: Մասնակից ինը թիմերից միայն երեքը՝ Թեհրանը, Մոսկվան և Կիևն են ցանկություն հայտնել այդ օրերին մնալ, գիշերել Գյումրիում:

Իսկ ահա Ավստրալիայի, Արգենտինայի, Թուրքիայի, Լիբանանի և Գերմանիայի քաղաքների հայկական թիմերը հրաժարվել են գիշերել Հայաստանի երկրորդ քաղաքում: Նրանք մասնակցելու են խաղին և անմիջապես վերադառնալու Երևան, հավանաբար՝ կենտրոն, հավանաբար՝ փոքր կենտրոն, հավանաբար՝ Հյուսիսային պողոտա:

Ահա սրանք են նարինջ ուտողները՝ անկախ կուսակցական, հարանվանական և միութենական պատկանելությունից:

Ինչո՞ւ չեք ուզում մնալ մեր չքնաղ Գյումրիում, որտեղ պահպանվել է 19-րդ դարավերջի ճարտարապետությունը՝ կլասիցիզմի ոճը:

Ինչո՞ւ չեք ուզում տեղում իմանալ և զգալ այս քաղաքը, որը 1918-1921 թվականներին երկու անգամ գրավվել է թուրքերի կողմից:

Սա հայկական միակ քաղաքն է այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում, որ տեսել է թուրքական կոտորածներ:

Սա այն քաղաքն է, որտեղ գործել է Հայոց ցեղասպանության որբերի ամենամեծ որբանոցը:

Սա այն քաղաքն է, որ տվել է Մհեր Մկրտչյան, Ավետիք Իսահակյան, Հովհաննես Շիրազ ու բազմաթիվ նշանավոր անուններ:

Սա թանգարանների ու մշակույթի քաղաք է:

Ձեզ չի՞ հետաքրքրում Հայաստանի երկրորդ քաղաքը, որ 100 տարի առաջ ուներ ավելի շատ բնակչություն, քան Երևանը: Ձեզ չի՞ հետաքրքրում գյումրեցին:

Դուք ճիշտ նման եք այն նարինջ ուտող հայրենադարձ մյուս սփյուռքահային և հայաստանցի հային, որը բառերով ցավում է Հայկական բանակի համար, բայց իր որդուն չի ուղարկում բանակ:

Դուք ճիշտ նման եք այն հային, որը բառերով ցավում է Հայաստանի աղքատ քաղաքների և գյուղերի համար, սակայն հնարավորության դեպքում չի օգնում այդ քաղաքին ու գյուղին:

Գնայիք հինգ-վեց գիշեր Երևանի փոխարեն Գյումրիի հյուրանոցներում փող թողնեիք: Երևանի կենտրոնի, փոքր կենտրոնի, Հյուսիսային պողոտայի սրճարանների ու ճաշարանների փոխարեն օգտվեիք Գյումրիի սրճարաններից ու ռեստորաններից:

Ձեր գիշերելով, ձեր ուտելով` օգնեիք այս սիրուն քաղաքին:

Անշուշտ, Դուք իրավունք ունեք հրաժարվել գիշերելու Գյումրիում: Մենք էլ իրավունք ունենք Ձեզ կոչել նարինջ ուտող սփյուռքահայ:

Մեկնաբանել