Դեմոյանի հատորը. Հայկական սպորտը` Օսմանյան կայսրությունում

bp-02Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կայացավ Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսը և համանուն ժամանակավոր ցուցադրության բացումը:

Շուրջ 600 արխիվային լուսանկարներ պարունակող այս մենագրությունը վեց տարի առաջ՝ 2009-ին լույս տեսած համանուն հատորի լրամշակված ու փոփոխված տարբերակն է:

«Մենագրությունն անդրադառնում է Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում առաջացած հայկական մարզական ակումբների գործունեությանը, հայկական օլիմպիական խաղերի կազմակերպմանը, Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում մեծ թափ առած մարմնակրթական շարժման պատմությանը, ինչպես նաև հայ կանանց մարմնամարզական ակումբների, մարզական մրցակցության և ազգայնականության, հայկական սկաուտական շարժման առաջացմանը և Մեծ եղեռնին զոհ գնացած հայկական մարզիկներին»,- շնորհանդեսի ընթացքում նշեց Դեմոյանը:

Լուսանկարչական նյութով հարուստ այս հրատարակությամբ ընթերցողին են ներկայացվում հայկական սպորտի պատմության մինչ օրս անհայտ, սակայն չափազանց հետաքրքիր դրվագներ:

Շնորհանդեսին և ժամանակավոր ցուցադրությանը (կտևի մինչև հոկտեմբերի 1-ը) ներկա էին և խոսք ասացին նշանավոր մարզիկներ և սկաուտապետեր Գրիգոր Ճոլոլյանի, Շավարշ Քրիսյանի, Վահան Չերազի ժառանգները, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, հատորի հեղինակ Հայկ Դեմոյանը հակիրճ ներկայացրեց գիրքն ու ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմված է 12 խորագրերից:

«Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» հատորը գրելու և ամբողջացնելու ընթացքում Դեմոյանը օգտվել է նորահայտ ու հազվագյուտ աղբյուրներից և լուսանկարչական հավաքածուներից, որոնց թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Բեյրութի ՀՄԸՄ կենտրոնական վարչության, Հայաստանի ազգային արխիվի, Պոլսի հայկական «Մարմնամարզ» պարբերականի, Միքայել Իշլեմեճյանի, Միհրան Մինասյանի, Դիլդիլյան ընտանիքի, PROJECTSAVE նախագծի, Գրիգոր Ճոլոլյանի հավաքածուներից և հայկական սպորտի պատմության գիտակ Բյուզանդ Թորիկյանի՝ հայ մարմնակրթական և սկաուտական շարժման պատմությանը նվիրված քառահատորյակից:

Վերահրատարակված հատորը կազմված է 12 գլուխներից, որոնց թվարկումն իսկ կարող է հետաքրքրել ընթերցողին՝ «Սպորտի և մարմնակրթության զարգացումը Օսմանյան կայսրությունում», «Հայկական սպորտի և մարմնակրթության զարգացումը Օսմանյան կայսրությունում», «Մարզական և մարմնակրթական շարժումը Զմյուռնայում», «Սպորտի և մարմնակրթության զարգացումը Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում», «Հայ կինը և մարմնակրթությունը», «Հայկական օլիմպիական խաղեր (1911-1914)», «Հայ մարզիկների մասնակցությունը 1912թ. միջազգային օլիմպիական խաղերին», «Սպորտը և ազգայնական մրցակցությունը», «Հայկական սպորտի կորուստը Մեծ եղեռնի տարիներին», «Հայկական սպորտը հետպատերազմյան տարիներին (1918-1922թթ.): ՀՄԸՄ-ի կազմավորումը», «Մարմնակրթությունը և սպորտը հայկական որբանոցներում», «Հայկական սկաուտական շարժման ծնունդն ու զարգացումը»:

Ժամանակավոր ցուցադրությունը կազմվել է Դեմոյանի հեղինակած հատորի 12 գլուխների անուններով:

Հեղինակը ընդգծում է, որ Օսմանյան կայսրության պատմության մեջ առաջին անգամ երկու հայ մարզիկներ` Վահան Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը, 1912 թ. Ստոկհոլմում տեղի ունեցած հինգերորդ միջազգային օլիմպիական խաղերում ներկայացրեցին կայսրությունը:

1911-1914 թթ. անց են կացվել չորս «Հայկական օլիմպիական խաղեր»` բոլոր հայկական մարզական ակումբների մասնակցությամբ. հաղթողները պարգևատրվել են արծաթե մեդալներով:

Դեմոյանը նշում է, որ եվրոպական ազդեցությունն ու եվրոպական կրթական ավանդույթների և սկզբունքների հետ ծանոթությունը նպաստել է սպորտային կյանքի աննախադեպ ակտիվացմանը Օսմանյան կայսրությունում: Մինչև 1915 թվականը Պոլսից Վան, Տրապիզոնից Ադանա հայկական տասնյակ մարզական ակումբներ ու սկաուտական կազմակերպություններ են ձևավորվել:

Հեղինակը նշում է, որ Ցեղասպանության զոհ դարձան բազմաթիվ հայ մարզիկներ, որոնց թվում նաև «Մարմնամարզ»-ի խմբագիր Շավարշ Քրիսյանը, որից հետո պարբերականը դադարեց լույս տեսնել: 1915-1920 թթ. բազմաթիվ հայ մարզիկներ դարձան Ցեղասպանության զոհ, հայկական սպորտային ակումբների մեծ մասը դադարեցին գործել:

«Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» հատորը մինչև տարեվերջ հրատարակվելու է նաև ռուսերենով, անգլերենով և թուրքերենով:

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել