Մաֆիայի կանոններով

ureki_4Իշխանությունը կատաղած խնդիրներ է լուծում: Բաժանել է «Նաիրիտի» աշխատողների աշխատավարձը, Ֆիրդուսի 33-րդ թաղամասի խաբված բնակարանատերերի բնակարաններն է վերադարձնում: Ոմանց էլ՝ փողերը: Քննչական ծառայությունը գրեթե ամեն օր հաղորդագրություններ է տարածում այս կամ այն քաղաքացուն խաբած, սխալ մեղադրանք ձևակերպած քննիչի ձերբակալության մասին։

Իշխանությունն ի՞նչ է լսել: Ոչինչ։ Հաստատուն քայլերով գնում է սահմանադրական փոփոխությունների։ Այսինքն, «մկան շեռն էլ ջաղացին օգուտ է» ասվածքը դառնում է իշխանության հետ հարաբերությունների անկյունաքար՝ էս փուլում ինչ պոկեցին՝ պոկեցին։ Բարեփոխումների հանրաքվեից հետո կրկին նույն խաբված ավանդատուն են դառնալու։ Սա պարզ ճանապարհ է։ Սա «քաղաքացու» հետ աշխատելու ճանապարհն է, որովհետև միասին դեռ երկար են գնալու։ Սակայն արդյո՞ք իշխանությունը սոսկ այս հարցն է լուծում։ Ոչ։ Իրականում նա ընդարմացնում է քաղաքացուն։ Առայժմ այս բառը չակերտներից ազատենք։ Իշխանությունը ոչ միայն լուծում է նրա հարցերը, այլև քաղաքացուն, այսպես ասած, կապում է։ Քաղաքացին դառնում է նրա բարեգործության պատանդը։

Առաջին անգամ սա շատ լավ ձևակերպվեց «Ոչ թալանին» շարժման վրա՝ տղաները փողոց փակեցին, ձևակերպեցին պահանջներ, որոնք չկատարվեցին, բայց իշխանությունը տպավորություն ստեղծեց, թե նրանց մարդատեղ է դնում։ Հիմա էդ շարժման տղերքից որևէ մեկին ասեք, որ Սերժը քըխ է։ Գլուխդ կջարդեն։ Դեռ մի հարց էլ վրայից կավելացնեն՝ հա վատն է, բայց ավելի լավն ո՞վ է։

Հասկանու՞մ եք, իշխանությունը հավաքագրում է քաղաքացիներին, հավաքագրում է սև օրվա համար։ Հավաքագրում է թեկուզ հենց այնպես։ Սակայն հավաքագրելն իրականում հենց այնպես չի ենթադրում։ Հենց այնպես է թեկուզ այն, որ մնացյալ փողոցային պայքարներում այս մարդիկ մատը մատին չեն խփի։ Կմնան տներում կամ կգնան, քանի դեռ ձեռքներին փող կա։ Մեխանիզմը որոշ իմաստով հեռահար աշխատող է։ Հայ մարդու երախտագիտության և սնափառության վրա է աշխատում իշխանությունը։ Երախտապարտը «Նաիրիտի» բանվորն է, սնափառը՝ «Ոչ թալանին»-ի տղաները։

Հաջորդն ո՞վ է։ Հա, այն աղջիկը, որն ինքնասպանության փորձ էր ուզում անել Կիևյան կամրջից և պահանջում էր հանդիպում Վլադիմիր Գասպարյանի հետ։ Վլադիմիր Գասպարյանը հեռախոսով խոսեց նրա հետ։ Ընդհանրապես, երիտասարդների հետ աշխատանքին զարկ է տրված։ Ովքե՞ր են բողոքում։ Հայտարարված է բողոքող երիտասարդության «ընդունելություն»։ Մեկին մատով ցույց տվեք, և իշխանությունը կգնա նրա մոտ։

Թվում է, թե՝ ի՞նչ է եղել։ Իշխանությունն իր գործն է անում, լուծում է մարդկանց խնդիրները։ Կարծես թե իմիտացիա էլ չկա, ձերբակալվում են խաբեբա քննիչներ, մի ամբողջ Տիգրան Խաչատրյան է ձերբակալվում։ Սակայն չմոռանաք, որ այս ամենում իշխանության ինքնամաքրում չկա։ Սուրիկ Խաչատրյանը մնալու է, որովհետև մարդը գործ ունի անելու։ Եվ միշտ է ունենալու։ Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին ոչինչ չի սպառնում։ Նա էլ է մնալու։ Որովհետև ընդարմացման մեջ քաղաքացին դադարում է թիրախներ ունենալ սեփական գրպանից բացի։ Ահա ինչու է շատ «դասական», ավելին, դասագրքային էլեկտրաէներգիայի թանկացման դեմ գտած լուծումը՝ քաղաքացիներից ոչ մեկը չի շոշափելու իր գրպանը և տեսնի, զգա, թե ինքն իրականում ինչպես է մուծում ՀԷՑ-ի պահանջած գումարը։ «Նաիրիտի» նախկին և ներկա աշխատակիցներին հայտնի՞ կամ հետաքրքի՞ր էր, թե կառավարությունը որտեղից ճարեց վճարվելիք գումարները: Ոչ: Չի էլ հետաքրքրում: Բայց բյուջեից էին զախարյաներվանդները «գտել» այդ գումարները և վճարում էին վախից: Հետո հասկացան, որ իրենց վախը կարող են ծառայեցնել հոգուտ իրենց: Որովհետև իշխանությունն իր «հաճախորդին»՝ մեր քաղաքացուն, լավ գիտի: Նա բազմիցս տեսել է, թե նրա գլխին բերած բազում օյիններից հետո ինչպես է քաղաքացին նրան հեռացնելու փոխարեն խնդրել լուծել հաջորդ պրոբլեմը: Ինքն է, չէ՞, սնանկացրել և պատվազրկել մարդուն: Ուրեմն գիտի, կիմանա, թե որ ուղղությամբ օգտագործի այդ պատվազրկությունը: Ինչպես մաֆիայի դեպքում, բայց թարս՝ մաֆիան վճարում է, հետո քթից բերում, սրանք քթից բերում են, հետո ողորմում:

Լուծումը դասագրքային է, որովհետև քաղաքացու ատամները հաշված են՝ իր գրպանից չի մուծում, ջհանդամը թե պետական բյուջեն է մուծելու էդ փողը։ Ինքն ու պետական բյուջեն ընդհանուր ոչինչ չունեն։ Փողոցները մաքուր են, օգոստոսի 1-ից թանկացման «հաշվիչը ֆռռում» է, իսկ քաղաքացին մեկնում է Ուռեկի։ Բոլորը գոհ ու երջանիկ են։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը նա նույնիսկ քվեաթերթիկի վրա չի էլ նայի, որպեսզի իր «այո»-ն տարբերի «ոչ»-ից։ Ինչ էլ քվեարկի, ինքն իրեն չի կարողանալու հասկացնել, թե հանուն ինչի քվեարկեց։ Որովհետև եթե սեփական գրպան մտնել չկա, եթե ինքը մտնող ձեռքը չի տեսնում, ի՞նչ տարբերություն՝ այո է, թե ոչ, ի՞նչ տարբերություն՝ գնացել է ինքը տեղամաս, թե չի գնացել։ Էդ հետո, երբ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը՝ Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի քավորությամբ, իր ձեռքից կհավաքեն սեփականության վերջին կռճոնները, ինքը, ըստ ամենայնի՝ գուցե, մտածի, որ էն ամբողջ թատրոնը խաղացվում էր այս օրվա համար։ Մինչդեռ դա կարող էր թատրոն չլինել։ Մինչդեռ, իսկապես, իշխանությունը լուծում է խաբված բնակարանատերերի հարցերը, իսկապես վճարում է «Նաիրիտի» աշխատողների աշխատավարձը, իսկապես ձերբակալում է կաշառակեր կամ խաբեբա քննիչներին և, ընդհանրապես, ժամանակ չունի աչք փակելու, որովհետև արդեն քաղաքացին այն գիտակցությունն ունի, որ քնած ժամանակ էլ իր ձեռքը պահում է էս իշխանության զգոնության երակի վրա։ Կարող էր այսպես լինել, եթե բոլոր հարցերի լուծման հրամայականը գար քաղաքացուց ու մտներ ամենուր։ Սակայն այդպես չէ, որովհետև «քաղաքացին» փոխվում է հօգուտ իշխանության, իշխանությունը՝ ոչ հօգուտ քաղաքացու։

Մեկնաբանել