Հայաստանը պետք է պատրաստ լինի Թուրրքիայում տարբեր զարգացումների, համոզված է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը:
Հուլիսի 20-ին թուրքական Սուրուչ քաղաքում «Իսլամական պետության» ահաբեկչությունից հետո, որը խլեց 32 մարդու կյանք, Թուրքիան հարվածներ է սկսել հասցնել ինչպես «Իսլամական պետության» դիրքերին, այնպես էլ իր տարածքում և տարածքից դուրս գտնվող քրդերին, առաջին հերթին PKK-ին [Partiya Karkerên Kurdistanê, Քրդստանի աշխատավորական կուսակցություն]:
ՍիվիլՆեթի հետ զրույցում քրդագետ Վահրամ Պետրոսյանը, խոսելով այս զարգացումների՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների մասին, ասաց, որ պետք է պատրաստ լինել տարբեր սցենարների: Նա հիշեցրեց, որ իսլամիստները նկրտումներ ունեն նաև Ադրբեջանի և Հյուսիսային Կովկասի մասով՝ Կովկասի վիլայեթի գաղափարը:
«Մենք պիտի ոչ միայն մոնիթորինգի ենթարկենք, այլև պատրաստի մոդելային տարբերակներ ունենանք: Պիտի հաշվի առնենք, որ, օրինակ, սուննի իսլամիստների դաշտում ոչ շիադավան ադրբեջանցիներն են, ազգային այլ փոքրամասնություններն են, որոնք վերադառնալով՝ բերելու են իսլամիստական գաղափարները, իսլամական պետության գաղափարը»:
Մյուս կողմից որոշ շրջանակներ կցանկանային իսլամական այդ էներգիան պահել հայերի դեմ օգտագործելու համար: «Զարգացումներն ինքնին դժվար են և անկանխատեսելի, եթե մենք այն կանխատեսելի չդարձնենք: Լուծումները և վերլուծականները պետք է ուղղորդվեն այս իրողությանը»,- ասաց Պետրոսյանը:
Հայաստանը պետք է հաշվարկի նաև քրդական պետության ստեղծման տարբերակը, ընդհանրապես այդ ֆենոմենի տարածումը: Պետրոսյանը հիշեցրեց, որ իրաքյան Քրդստանում քրդերն արդեն դե ֆակտո անկախ, ֆեդերատիվ միավոր են՝ սահմանադրորեն ճանաչված, իսկ սիրիական Քրդստանում [քրդկան իշխանության] կանտոնային իրողությունը կա:
Պետրոսյանի խոսքով՝ պետք է հաշվի առնել նաև զարգացումները Իրանում, Թուրքիայում: Հակամարտության կոնտեքստը նոր հարցադրումներ ու մոտեցումներ է առաջ բերելու: Պետրոսյանը հիշեցրեց, որ օրինակ PKK-ի կողմից իրաքյան Քրդստանից Թուրքիայի միջերկրածովյան ափ ձգվող Քիրքուկ-Յումարթալըկ նավթատարի պայթեցումը քննադատության արժանացավ Քրդստանի ինքնավարության կողմից, որի եկամուտի հիմնական աղբյուրն է արտահանվող նավթը: Դրա պայթեցումը քննադատեցին անգամ այնտեղի իրաքյան Քրդստանի PKK-ամետ ուժերը:
«Այնունամենայնիվ, PKK-ն սպառնալիքը նյութականացրեց` ցույց տալով, որ պարզապես հարվածներ չեն լինելու: Չէ՞ որ Թուրքիան ժամանակին կարգավորման գնաց, քրդական նախաձեռնության գնաց նաև էներգակիրների ազատ տարանցումն ապահովելու համար: Այդ պատճառով է, որ թուրքերը ներկայում կարողանում են խոսել թուրքական առանցքի մասին, Ռուսաստան-Թուրքիա խողովակաշարերի նախաձեռնության մասին, որ էներգակիրների ապահով և ազատ տարանցում է լինելու: Բայց PKK-ն ցանկանում է Անկարային ցույց տալ, որ նա չի կարող տնտեսական այդ ահռելի ծրագրերը պլանավորել՝ առանց քրդական խնդրի լուծման»,- ասաց Պետրոսյանը:
Քրդագետի խոսքով՝ հնարավոր չէ քրդական խնդիրը հանգեցնել պարզապես PKK-ի. «Խնդիրը համաքրդական դաշտում այս ընկալումն է, որ Թուրքիան անընդհատ հանգեցնում է քրդական խնդիրը ահաբեկչության խնդրի, PKK-ի, որովհետև դա նրան ձեռնտու է»:
Պետրոսյանը շեշտեց, որ հունիսին Թուրքիայում կայացած ընտրությունների արդյունքում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անցումը խորհրդարան լեգալացրել է քրդական խնդիրը:
«Թուրքերը չեն կարողանում գործել մի ուժի հետ, որը մուտք է գործել խորհրդարան: Նրան ձեռնտու էր այս շարժումը որպես շարժում և ոչ կուսակցություն»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ PKK-ին հարվածներ հասցնելով՝ Թուրքիան չի կարողանալու լուծել քրդական խնդիրը: Նույնիսկ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը փակելու ճանապարհով, նրան մեղադրելով PKK-ի հետ առնչությունների համար, հարցը չի լուծվելու, ավելի դժվարին կացության մեջ է հայտնվելու Թուրքիան, որովհետև չի լինելու այն լեգալ ուժը, որի հետ կարողանա բանակցել:
Վահրամ Պետրոսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ստորև.