Դասալքության մասով Պերմյակովի գործով դատական նիստը` օգոստոսի 12-ին

Gyumri1Հայաստանում ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանը, որը ենթակա է ՌԴ զինված ուժերի Հյուսիսկովկասյան շրջանային զինվորական դատարանին, օգոստոսի 12-ին նիստ է նշանակել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող, ռուս զինվորական Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործով, որով նա մեղադրվում է դասալքության և զենքի հափշտակման մեջ: Այս մասին ռուսական «Ռիա նովոստի» գործակալությանը հայտնել է Հյուսիսկովկասյան շրջանային զինվորական դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալոն:

«Համաձայն 5-րդ կայազորային զինվորական դատարանի դատավորի որոշման` Պերմյակովի նկատմամբ քրեական գործով բաց դատական նիստը նշանակվել է 2015թ. օգոստոսի 12-ին»,- ասել է նա:

Դատարանը նաև երկարացրել է Պերմյակովի կալանքի ժամկետը մինչև 2016թ. հունվարի 30-ը:

***

Հունվարի 12-ին Գյումրիում սպանդի էր ենթարկվել Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը։ Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։

Հունիսի վերջին Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ սկսված բողոքի ցույցերի ընթացքում Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեց Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Հանդիպման արդյունքում, ի թիվս այլ պայմանավորվածությունների, ռուսական կողմը համաձայնեց Պերմյակովի գործը` սապնության մասով, հանձնել ՀՀ քննչական կոմիտեի վարույթ:

Մնացած հոդվածներով («Դասալքություն», «Զենքի հափշտակում» և «Զենքի ապօրինի կրում») նյութերը օգոստոսի սկզբին ուղարկվել են Հայաստանում 5-րդ կայազորային զինվորական դատարան: