Թարս ընտրակաշառք

mher sedrakyan Ո՞րը պետք է լինի Մհեր Սեդրակյանի, Սամվել Ալեքսանյանի կամ գեներալ Մանվելի շահագրգռվածությունը բարեփոխումների նախագծի քվեարկության համար «քյալլա» տալիս։

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ ՀՀԿ-ի նախընտրական «կաշառքի» պոտենցիալը մեծ է։ Ինքնախժռումն այդ պոտենցիալի արտահայտություններից մեկն է։ Սակայն սա լինելու է ամբողջ պոտենցիալի «դեսերտը»։ Իսկ քանի որ դեսերտը միշտ վերջում է «հրամցվում», հարց է ծագում՝ արդեն այսօր ինչի՞ կամ ու՞մ համար պետք է բաժանվի այդ կաշառքը, ովքե՞ր են կաշառքի շահառուները, եթե քվեարկվողը անձերը չեն։ Ասենք, ո՞րը պետք է լինի Մհեր Սեդրակյանի, Սամվել Ալեքսանյանի կամ գեներալ Մանվելի շահագրգռվածությունը բարեփոխումների նախագծի քվեարկության համար «քյալլա» տալիս։ Ի՞նչ պետք է նրանք ասեն քվեարկողին, որպեսզի մարդն առանց փող տեսնելու վազի տեղամաս և քվեարկի գեներալ Մանվելի հրահանգի համաձայն։ Իրենք չգիտեն։ Սերժ Սարգսյանը գիտի և կարիք էլ չունի նրանց բացատրելու։ Սակայն բացատրողներ կգտնվեն։ Սերժ Սարգսյանը միանգամից կանցնի գործի, իրենք ընթացքում կհասկանան, որ պիտի տեղամասերը լցնեն քվեարկողներով։

Այս պահին, այսինքն, օգոստոսի 6-ի դրությամբ, Սերժ Սարգսյանն արդեն «կաշառքի» թեթև շտրիխներ է գծում՝ բաժանում է «Նաիրիտի» աշխատողների աշխատավարձերը, ձերբակալում է կաշառակեր քննիչներին, ոստիկաններին, հարկային ծառայողներին։ Այս ձերբալակվածներից յուրաքանչյուրը վստահաբար այս կամ այն հնչեղ ՀՀԿ-ականի բարեկամն է։ Եվ նրանց ձերբակալությունն այդ հնչեղ ՀՀԿ-ականին դարձնում է բարեփոխումներն անցկացնելու պատանդը։ Ինքը լցնում է տեղամասերն «այո» քվեարկողներով, բարեկամն ազատվում է, ինչպես Սիլիկոնյան հովտի ծիտ։ Այսինքն, նախընտրական կաշառք է բաժանվում ոչ թե ժողովրդին, քվեարկողին, այլ՝ ՀՀԿ-ին, որը փող «չունի» բաժանելու какой нибудь սահմանադրական բարեփոխումների համար, քանի որ քվեարկվողն ինքը չէ։ Իր անցնել-չանցնելու համլետյան հարցը չէ, որ դրված է զոհասեղանին։ Սակայն զոհասեղանը կա, զոհասեղանը զոհեր է պահանջում։ ՀՀԿ-ականները պետք է հասկանան, որ զոհերն իրենք են կամ իրենց հարազատները։ Եվ երջանիկ պիտի լինեն, որ զոհաբերվեն հարազատները, քանի որ դա ամբողջական զոհաբերություն չէ, «Աբրահամի Աստվածը» բարեփոխումների հանրաքվեից հետո կռեաբիլիտացնի նրանց։ Իսկ եթե իրենք զոհաբերվեցին,- ինչի նման մի բան արդեն այսօր արվում է ՀՀԿ-ական երկու գործչի սեքս սկանդալի պատմությամբ,- կարող են ավելի թանկ վճարել։

Տեսեք, թե ինչ է անում Սերժ Սարգսյանը՝ ժողովրդին նախընտրական կաշառք է բաժանում պետբյուջեից՝ «Նաիրիտ», էլեկտրաէներգիայի թանկացում. շուտով «պետական» այլ ողորմածությունների մասին էլ կլսենք, իսկ ՀՀԿ «իստեբլիշմենտին»՝ թարս կաշառում է նրանց հովանավորյալների ձերբակալություններով։ Բոլորս գիտենք, որ եկամտաբեր բոլոր ոլորտներում՝ իրավապահ, հարկային և ուժային, հիմնականում ՀՀԿ-ական ղեկավարության հարազատներն են։ Նրանց ձերբակալում է, վերցնում թիրախի տակ, էլեկտրոնային կայքերով կազմակերպում արտահոսք հիշյալ հովանավորյալների թիրախի տակ լինելու մասին, որով բոլորին հասկացնում է, որ գործ ունեք անելու, տղերք, գործ։ Եթե ձեզ թվում է, թե հանրաքվեն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով քվեարկություն չէ, ես ձեզ ցույց կտամ, թե ինչու է այն միայն մեծամասնական, և այս հանրաքվեում նույնիսկ համամասնական ընտրակարգի նշույլ չկա։ Բոլորս ի գործ տղերք,- հասկացնում է Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին։ Այս մեխանիզմը թարս կաշառք է, որովհետև կաշառքի էությունը ՀՀԿ-ականին պատանդի կարգավիճակում պահելն է՝ կաշխատես, քեզ կազատենք հարազատներիդ ուղղված սպառնալիքներից։ Սերժ Սարգսյանը գեներալ Մանվելին, Մհեր Սեդրակյանին, Գագիկ Ծառուկյանին, Աշոտ Աղաբաբյանին, Գալուստ Սահակյանին, Նահապետ Գևորգյանին և այլոց փող չի տալիս, այլ՝ ապառիկ հույս, որ բարեփոխումների «այո»-ի դեպքում նրանց հովանավորյալը կշահի։ «Իդեալական» պատանդն այս դեպքում Սուրիկ Խաչատրյանն է, որի որդին բանտում է։

Թարս ընտրակաշառքի հաջորդ արտահայտությունը դրսևորվելու է հենց ՀՀԿ-ական «իստեբլիշմենտի»՝ վերնախավի հանդեպ։ Այսինքն, պատանդներ չեն լինելու, լինելու են ուղղակի զոհեր։ Դրա արտահայտությունը վերջին սեքսուալ սկանդալն է ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի ձեռամբ։ Նրա ձերբակալությունն առաջինն արարն է, որի զարգացումներն ընթացան կուլիսներում։ Առաքելյանը ՀՀԿ դաշտում խաղացող չէ, էականն այստեղ այն է, որ սկանդալը ջրի երես դուրս եկավ։ Երկրորդ՝ հրապարակային արարը, Սերժ Սարգսյանն օգտագործելու է բոլորին հիշեցնելու համար, որ այդ սկանդալը վերաբերում է իրենց։ Բավական է հիշել, թե ովքեր են ՀՀԿ-ում։ Եթե նրանցից ոմանք սեքսուալ որևէ սկանդալում էլ չկան, գոնե մեկ այլ աղմկահարույց հանցանքում կան, որը դեռ չի հրապարակվել։

Հովհաննես Սահակյանը և Արտակ Դավթյանը զոհաբերված են, նրանցից ըստ էության այդ մարդը սպասելիքներ էլ չունի։ Նույնիսկ եթե նրանք այդ սկանդալում չկան, նրանց անունների հրապարակումը հենց զոհաբերության ակտն արձանագրելու մասին է, որովհետև մինչև հայտարարեն, որ այս մարդիկ սկանդալի հետ կապ չունեն, նրանք կարատավորվեն մինչև «վարդապետի խազը»։ Այս սկանդալը մյուս ՀՀԿ-ականներին բարեփոխումներն իրենց կյանքի գործը համարելու կոդավորված հրահանգ է՝ գործի անցեք, տղերք, հարազատ ԱԱԾ-ն ձեր թիկունքին է բառի ամենավատ իմաստով։ Սեքսուալ սկանդալի հրապարակայնացումը այդպիսի մեղքերի մեջ թաթախված, բայց դեռևս ջրի երես չելած մյուս ՀՀԿ-ականների թարս ընտրակաշառքն է՝ չաշխատեցին, կլինեն հաջորդ այլասերվածը, ինչից այդքան «զզվում» է Սերժ Սարգսյանը։