Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

03726520-BC53-4FC8-88DE-D8455CD4C405_cx34_cy7_cw64_mw1024_s_n_r1Անձամբ ես դեմ եմ եղել և այժմ էլ դեմ եմ Վրաստանի` Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին միանալուն, օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ղարիբաշվիլին, որի խոսքը մեջբերում է վրացական «Գրուզիա օնլայն» կայքը, ասել է. «Անձամբ իմ դիրքորոշումը` որպես կառավարության ղեկավար, հետևյալն է` ես դեմ եմ եղել և հիմա էլ դեմ եմ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներին Վրաստանի միանալուն: Մենք այս դիրքորոշումն ունեինք անցյալ տարի և այս դիրքորոշումն ունենք նաև այժմ: Մենք մտադիր չենք փոխել դիրքորոշումը: 15 պատժամիջոցներից մեկը, որին միացել է Վրաստանը անցյալ տարի, վերաբերում էր Ղրիմում և Սևաստոպոլում արտադրվող արտադրանքի վրա պատժամիջոցներին: Ինչպես հայտնի է, մենք նույն դրության մեջ ենք, մենք ունենք խնդիր Աբխազիայում և Սամաչաբլոյում մեր օկուպացված տարածքների հարցում, և մենք նույնն ենք պահանջում մյուս պետություններից: Ելնելով չճանաչման մեր քաղաքականությունից` դա անխուսափելի անհրաժեշտություն էր: Մյուս պատժամիջոցները մենք քննարկել ենք կառավարությունում անցյալ տարի և որոշել ենք, որ չենք պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Այդ որոշումը մնում է ուժի մեջ»:

Վրաստանի վարչապետի խոսքով` այդպիսի որոշման համար կա մի քանի պատճառ: Առաջին հերթին` Վրաստանը շատ թանկ է գնահատում այն, որ վերականգնել է առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Մենք կարողացանք պրագմատիկ քաղաքականության անցկացման միջոցով վերստին բացել շուկան և մենք դա գնահատում ենք: Ես կարծում եմ, որ այստեղ թյուրիմացություն է եղել: Դա նոր պատժամիջոցներին միացում չէ»,- ասել է Ղարիբաշվիլին:

Հուլիսի վերջին լրատվամիջոցները հաղորդել էին, որ Վրաստանը, ի թիվս վեց երկրի, միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին: Ավելի ուշ Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն պարզաբանել էր, որ Վրաստանը ավտոմատ կերպով երկարաձգել է ընդամենը մեկ պատժամիջոցի վերաբերյալ որոշման գործողությունը, ընդ որում` դա տեղի է ունեցել հուլիսի 19-ին:

Հարցին, թե ինչու հայտնի չի եղել Վրաստանի` 2014թ. ԵՄ կոնկրետ պատժամիջոցի միանալու մասին, Ղարիբաշվիլին պատասխանել է. «Ինչպես տեսնում եք, ո´չ մեր լրատվամիջոցներն են հետաքրքրվել, ո´չ ռուսականները: Կարծում եմ` այս իրարանցումն արհեստական է ստեղծվել: Անգամ չեմ կասկածում, որ ներքին ապակառուցողական ուժերը չեն ցանկանում հարաբերությունների նորմալացում և առևտրային հարաբերությունների վերականգնում: Մեր իսկ շահը Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների վերականգնումն է: Այդ գործընթացն արդեն սկսված է, սակայն գլխավոր խնդիր են շարունակում մնալ Աբխազիան ու Սամաչաբլոն: Բայց մյուս հարցերում մենք հետևողական ենք և ունենք միանգամայն բարիդրացիական հարաբերություններ ու մոտեցումներ»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել է 2014թ. սկզբից, երբ Ռուսաստանը իրեն կցեց Ղրիմի թերակղզին՝ Սևաստոպոլ քաղաքով: