Վեց ամիսների տնտեսական ակտիվությունը կազմել է 4,2%. Վաչե Գաբրիելյան

vache-gabrielyan-640x3442015թ. առաջին 6 ամիսների համար տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,2 տոկոս, կառավարության օգոստոսի 6-ի նիստին հայտարարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` ամփոփելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած` երկրի տնտեսության աշխատանքի վեց ամսվա արդյունքները:

«Այսինքն՝ մենք ունենք տնտեսական աճ, թեև սա տնտեսական աճի ցուցանիշը չէ, այն կլինի ավելի ուշ՝ սեպտեմբերին: Տնտեսական ակտիվության ցուցանիշը ցույց է տալիս այն ուղղությունը, որով գնում ենք, և կարող ենք վստահաբար ասել, որ տնտեսության գրեթե բոլոր հատվածներում կա դրական առաջընթաց»,- ասել է նա:

Փոխվարչապետը նշել է, որ մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5,1 տոկոսով: «Այս տարվա սկզբից մենք ունեինք էներգետիկայի արտադրության որոշակի խնդիր, որը դեռևս 100 տոկոսի չէր հասել, սակայն արդեն էներգետիկայի ոլորտում ևս ունենք 100 տոկոսից ավելի արտադրանք»,- ասել է նա:

Գաբրիելյանի խոսքով` ամենամեծ աճն առկա է գյուղատնտեսության ոլորտում, և հատկապես բուսաբուծության ոլորտում կան բավականաչափ մեծ զարգացումներ. «Երեկ անցկացված խորհրդակցության ժամանակ ՋՕԸ-երի ներկայացուցիչները նշում էին, որ կա լրացուցիչ ջրարբիացման մեծ պահանջարկ: Դա նաև նշանակում է, որ լրացուցիչ հողատարածքներ են մտել շրջանառության մեջ, և գյուղատնտեսության ոլորտում մենք ունենք ոչ միայն բարձր բերքատվություն, որը կապված է եղանակային պայմանների հետ, այլև հողօգտագործողների կողմից ավելի մեծ օգտագործման պահանջ: Կարծում եմ, որ այդ փաստը ևս Ջրային տնտեսության պետական կոմիտեն հաշվետվություններում ցույց կտա»:

Փոխվարչապետը նշել է, որ շինարարության ծավալը ևս 0.6 տոկոս աճ է արձանագրել: «Սակայն շինարարության ծավալում կուզեի նշել մի ուրախալի փաստ. վերջին տարիների մեր շինարարության ծավալի անկման հիմնական գործոններից մեկը բնակչության հաշվին կատարվող շինարարության նվազումն էր, իսկ այս տարի մենք առաջին 6 ամիսների ընթացքում ունենք բնակչության հաշվին կատարվող շինարարության աճ, ինչը ևս ցանկալի դրսևորում է»,- ասել է նա` հավելելով, որ միևնույն ժամանակ, միջին ամսական անվանական աշխատավարձը ևս աճել է 10,8 տոկոսով. «Ցանկանում եմ նշել, որ եթե համեմատենք գնաճի հետ, որը կազմել է 5,1 տոկոս, դա նշանակում է, որ աշխատավարձերի աճը թե´ մասնավոր, թե´ պետական հատվածներում գերազանցում է գնաճի աճին 12-ամսյա կտրվածքով: Եթե նայենք անգամ վերջին ցուցանիշները, որոնք վերաբերում են 2015թ. հունիսին, որտեղ մասնավոր հատվածի աշխատավարձերի ամենափոքր տարբերությունն ունենք անցյալ տարվա հունիսի հետ, անգամ այդ պարագայում աճը 5,6 տոկոս է, ինչն ավելի է, քան 5,1 տոկոսը»:

Անդրադառնալով հաճախ հնչող հարցին, որ եթե կա տնտեսական աճ, ապա ինչու դա չի երևում առօրյա կյանքում, Գաբրիելյանն ասել է. «Ցանկանում եմ վստահեցնել, որ դա առօրյա կյանքում երևում է, ուղղակի դրա երևալը կապված է մի բանի՝ մասնավոր տրանսֆերտների նվազման հետ: Բնակչության որոշ հատվածի գնողունակությունը նվազում է, և դա առաջին հերթին անդրադառնում է մանրածախ առևտրի վրա, ինչի ազդեցությունն ամենաակնհայտն է, որ քաղաքացիները տեսնում են: Սակայն այն աճը, որ հիմնականում կա արդյունաբերության մեջ, մասնավորապես, հանքարդյունաբերությունում ունենք շուրջ 34-տոկոսանոց աճ՝ միջազգային շուկայում պղնձի գների նվազման պայմաններում: Ունենք գյուղատնտեսության աճ, ինչը նույնպես նշանակում է ֆիզիկական ծավալների մեծացում: Այդ պարագայում, երևույթները, որոնք երևում են առաջին հայացքից և անմիջապես սպառողին տեսանելի չեն, ունեն տարբեր զարգացումներ: Երբ այս զարգացումները համադրում ենք, տեսնում ենք, որ այնուամենայնիվ կա տնտեսական աճ, և այդ պայմաններում որոշակիորեն պահպանվում է նաև աշխատավարձերի դրական դինամիկա: Մի փոքր նվազում կա զբաղվածության մեջ՝ 1 կամ 2 տոկոսային կետով, սակայն դա ևս ունի սեզոնային բնույթ, որովհետև երբ դիտարկում ենք տարեկան թվերը և նախորդ տարվա առաջին եռամսյակի դինամիկան, ապա գալիս է 1,-1,5 տոկոսի տարբերություն»:

Ամփոփելով` փոխվարչապետը հույս է հայտնել, որ արդեն առկա առողջ զարգացման միտումներն ավելի մեծ արձագանք և արդյունքներ կտան տարվա երկրորդ կեսին:

***

Հայաստանի 2015թ. պետական բյուջեի հիմքում դրված է 4.1 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2015թ. ակնկալվում է 1 տոկոս աճ: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հունիսին 2015թ. համար Հայաստանում կանխատեսել է 0 տոկոս աճ:

Մեկնաբանել