ԱՄՆ-ի հայերը փորձում են ամերիկյան ներդրումներ բերել Հայաստան

St._Stephen_Armenian_Church_Armenia_and_US_flagsՄիացյալ Նահանգների Հայ դատի գրասենյակը ցանկանում է հայ-ամերիկյան հարաբերությունները լրացնել տնտեսական և ներդրումային առավել լայն գործընկերությամբ, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը: Նրա խոսքով, ԱՄՆ-ի պետպաշտոնյաների հետ անցած մի շարք հանդիպումներում կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների համար բարենպաստ դաշտ ստեղծելու հարցը.

«Այդ ամենը մեր լայն օրակարգի մասն է, քանի որ ցանկանում ենք արմատական անցում կատարել օգնության տրամադրման վրա հիմնված հարաբերություններից դեպի առևտրա-տնտեսական և ներդրումային գործընկերություն»:

Տնտեսական և ներդրումային գործընկերության հարցերն են քննարկվել մասնավորապես այս շաբաթ կայացած ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի հետ, որն ի դեպ Օբամայի վարչակազմի օրոք հայ համայնքի հետ առանձին հանդիպում անցկացրած ամենաբարձրաստիճան ամերիկյան պաշտոնյան է.

«Ընդհանուր առմամբ մենք քննարկել ենք հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների ընդլայնման և Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև առավել սերտ գործընկերության զարգացման հեռանկարները»:

Համբարյանի խոսքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև Որոտանի ՀԷԿ-ի գործարքը ճանապարհ հարթեցին տնտեսական գործընկերության զարգացման համար [Որոտանի ՀԷԿ-ը 180 մլն դոլարով Հայաստանի կառավարությունը վաճառել է ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությանը: Սա ԱՄՆ-ից Հայաստանում երբևե եղած ամենամեծ մասնավոր ներդրումն է – ՍիվիլՆեթ]: Հոկտեմբերին Հայաստան կայցելի Միացյալ Նահանգների հատուկ պատվիրակություն, որը նախատեսում է ուսումնասիրել Հայաստանում վերարտադրվող էներգիայի զարգացման հնարավորությունները, ինչը կթուլացնի երկրի կախվածությունը դրսի էներգակիրներից:

«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել: Անշուշտ, զարգանալու դեռ շատ տեղ կա, սակայն, մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ավելացրել է Արամ Համբարյանը: