«Օրանժ Արմենիա»-ի տնօրենն ասել է՝ ինչու են հեռանում Հայաստանից

big_27a1d4cbbdc7756082bcc5cd6736d554 Լուսանկարը` Itel.am-ի:

Հուլիսի վերջին հայտարարվեց, որ «Յուքոմ» (Ucom) ընկերությունը բանակցում է «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնեմասը ձեռք բերելու շուրջ: «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի խոսքով` գործարքի կայացման գլխավոր արդյունքը նոր օպերատորի ստեղծումն է: Այս մասին նա ասել է Itel.am-ին տված հարցազրույցում` պարզաբանելով, թե ինչու «Օրանժ»-ը որոշեց լքել Հայաստանը:

«Առաջին հերթին, Orange Group-ի ռազմավարությունը բոլոր երկրներում համակցված ծառայությունների, այսպես կոչված «4-ը 1-ում» փաթեթների (մոբայլ և ֆիքսված կապ, ֆիքսված ինտերնետ և հեռուստատեսություն) առաջարկումն է, որոնք շատ հարմար են բաժանորդների համար, քանի որ նրանք կարող են այս 4 ծառայություններից օգտվել մեկ փաթեթում՝ հարմար գնով:

Հարցն այն էր, թե արդյոք մենք կարող ենք այսպիսի ծառայություններ առաջարկել մեր բաժանորդներին այն դեպքում, եթե միայնակ գործենք շուկայում: Դա շատ ավելի մեծ թվով ներդրումներ կպահանջեր Orange-ից նման ծառայություններ առաջարկելու համար, այդ նպատակով էլ որոշեցինք այլ ընկերության հետ համագործակցել:

Այն [նոր օպերատորը – խմբ.] կկարողանա հարմար գնով և մեկ փաթեթով այդ ծառայություններն առաջարկել հայ հաճախորդներին:

Բացի այդ` մենք գիտենք, որ շուկայում ավելի ուժեղ դառնալու կարիք ունենք` նպաստելով Հայաստանում ներդրումների ավելացմանը»,- ասել է Ժելիբտերը:

Նա վստահեցրել է, որ որոշումը կայացնելիս Orange Group-ի վրա որևէ քաղաքական ճնշում չի եղել:

Անդրադառնալով կարծիքներին, թե հեռանալու պատճառը «Օրանժ Արմենիա»-ի «վատ մենեջմենթն» է, Ժելիբտերն ասել է.

«Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «վատ մենեջմենթին», կարծում եմ, որ յուրաքանչյուրն ունի իր սեփական կարծիքը: Իմ տպավորությունն այն է, որ որոշ մարդիկ կարծում են, որ եթե մենք չենք խոսում վատ մենեջմենթի մասին, ռիսկ կա, որ գործարքը կարող է դիտարկվել քաղաքական տեսանկյունից: Պարզապես ցանկանում եմ հիշեցնել մի քանի բան: Մենք համար առաջինն ենք մոբայլ ինտերնետի շուկայում՝ զբաղեցնելով շարժական կապի շուկայի 62% մասնաբաժինը: Շուկայում այս մասնաբաժինը շարունակաբար ավելանում է:

2013թ. վերջից սկսած՝ հետվճարային համակարգի բաժանորդների քանակով մենք 2-րդն ենք ձայնային տիրույթում: Հայկական շուկայում իր գործունեության մեկնարկից 4 տարի անց մեր ընկերությունն արդեն դրական գործունեություն էր ծավալում, ինչը հազվագյուտ երևույթ է հարաբերականորեն փոքր երկրում գործող 3-րդ օպերատորի համար: Բացի այդ, արդեն 6-րդ անգամ անդընդմեջ P3 գերմանական անկախ աուդիտորական ընկերությունն «Օրանժ Արմենիա»-ի տվյալների ցանցը լավագույնն է ճանաչել Հայաստանում:

Վատ արդյունքների մասին խոսող մարդիկ չեն հասկանում հեռահաղորդակցության ոլորտից»:

Հարցազրույցն ամբողջությամբ` iTel.am-ում:

Մեկնաբանել