Հանրապետականների բանավեճը կենտրոնացավ Թրամփի վրա

Donald TrumpՕգոստոսի 6-ի երեկոյան տեղի է ունեցել ԱՄՆ հանրապետական կուսակցության նախագահության թեկնածուների հավակնորդների բանավեճը: Հավակնորդների շարքում ֆավորիտը միլիարդատեր Դոնալդ Թրամփն է: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը առանձնացրել է Թրամփի հայտարարությունները:

«Մեկ մարդու շոու». որոշ փորձագետներ այսպես են բնութագրել Քլիվլենում ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահական թեկնածությանը հավակնող անցած բանավեճը: Այդ մեկ մարդն ընտրապայքարի առաջատար և միլիարդատեր Դոնալդ Թրամփն է:

«Ես իսկապես երեկոյից հաճույք ստացա», – արդեն բանավեճից հետո վերհիշելով դրա պահերը՝ Թրամփի աչքերն ուղղակի փայլում  էին տեսախցիկների լույսի տակ, իսկ բուն բանավեճին Դոնալդ Թրամփը գրավել էր ողջ լսարանի ուշադրությունը: Պատասխանելով հարցերից մեկին՝ Թրամփն ասաց, որ իրոք իրեն դուր չեկած կանանց հրապարակայնորեն անվանել է «գեր խոզեր, շներ, սալակույտեր և գարշելի կենդանիներ».

«Այս երկրի խնդիրներից մեկը քաղաքական կոռեկտությունն է: Ես ասել եմ այն, ինչ ասել եմ, ու եթե ձեզ դա դուր չի գալիս, թող այդպես էլ լինի»:

Թրամփը նաև հայտարարեց, որ եթե Հանրապետական կուսակցությունն ընտրի այլ թեկնածու,  ինքը պատրաստ է նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու: Բոլոր մրցակիցներին, որոնք Թրամփին մեղադրեցին քաղաքական գործիչներ «գնելու» մեջ, միլիարդատերը հիշեցրեց, որ ժամանակին խոշոր գումարներ է հատկացրել նաև նրանց քաղաքական քարոզարշավներին:

Դոնալդ Թրամփը նաև հիշեցրեց, որ դեմոկրատների հիմնական թեկնածու Հիլարի Քլինթոնը, որն օրվա գլխավոր թիրախն էր, 2005-ին այցելեր էր Թրամփի հարսանիքը, որովհետև միլիարդատերը նվիրատվություն էր արել Քլինթոնի հիմնադրամին.

«Ինչ վերաբերում է Հիլարի Քլինթոնին, ես նրան ասացի, որ ներկա լինի իմ ամուսնությանը, և նա եկավ: Գիտե՞ք ինչու եկավ, որովհետև այլընտրանք չուներ, քանի որ ես նրա հիմնադրամին նվիրատվություն էի արել»:

Բանավեճի ընթացքից դժգոհ հանրապետական Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ եթե հանրապետականները նախընտրական պայքարի ներկա մոտեցումները չփոխեն, Հիլարի Քլինթոնը 2016-ին հեշտությամբ կհաղթի նախագահական ընտրություններում: Ինչ վերաբերում է Ջեբ Բուշին, որի հետ շատերը մեծ հույսեր էին կապում, նրան այս բանավեճի ընթացքում չհաջողվեց փայլել: