Պայթյուն և կրակահերթեր Ստամբուլում. կան վիրավորներ

Համաձայն ոստիկանական հաղորդման, Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասի ոստիկանական ստորաբաժանման մոտ տեղի ունեցած պայթյունից առնվազն 10 մարդ է վիրավորվել՝ 3 ոստիկան և 7 քաղաքացի: Ավելի վաղ հաղորդվում էր նաև 3 զոհի մասին, սակայն այդ տեղեկատվությունը չի հաստատվել պաշտոնական հաղորդագրությամբ: Վիրավորված ոստիկաններից մեկը գտնվում է խիստ ծանր վիճակում:

Պայթյուն Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասում

Պայթյունը հնչել է տեղական ժամանակով ժամը 1-ին, երբ պայթուցիկներով բեռնված մեքենան կայանել է ոստիկանության բաժանմունքի մոտ, ինչից հետո ահաբեկիչները գործարկել են պայթուցիկները: Թուրքական Dogan լրատվականը հաղորդում է, որ ոստիկանության եռահարկ շենքի մի մասը փլուզվել է, վնասվել է շրջակայքում կայանած շուրջ 20 ավտոմեքենա:

Երկու ահաբեկիչ չեզոքացվել է պայթյունին հաջորդած ոստիկանական գործողությունների արդյունքում:

RT-ի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքված քաղաքացիները Քրդական կուսակցության դեմ կոչեր են հնչեցրել, թեև դեռևս որևէ կազմակերպություն չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը:

 

 

 

Մեկ այլ միջադեպ է գրանցվել Ստամբուլում Ամերիկյան հյուպատոսարանի շրջակայքում, որտեղ ահաբեկիչները կրակ են բացել շենքի ուղղությամբ: Հյուպատոսարանի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:

Կրակոցներ Ստամբուլում Ամերիկյան հյուպատոսարանի ուղղությամբ

CNN Turk-ի հաղորդմամբ՝ գործողությունն իրականացրել են մեկ կին և մեկ տղամարդ, ովքեր դիմել են փախուստի այն բանից հետո, երբ ոստիկանությունը պատասխան կրակ է բացել իրենց ուղղությամբ: Ավելի ուշ կին ահաբեկիչը բերման է ենթարկվել ոստիկանություն:Ոստիկանական ուժերը շարունակել են փնտրել ահաբեկչության մեղավորներին: Dogan լրատվականը հաղորդում է, որ մեկ քաղաքացի է վիրավորվել ոստիկանների և անհայտ անձանց միջև փոխադարձ կրակահերթերից:

Թուրքիայում Քրդական կուսակցության հետ ներքաղաքական լարվածությունը սրվել է շաբաթներ առաջ 32 հոգու կյանք խլած ահաբեկչությունից հետո, որը, համաձայն ընդունված վարկածի, իրականացվել էր Իսլամանական Պետության խմբավորումներից մեկի կողմից:

 

 

 

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում քրդական ուժերի դասավորվածության և վերջին շրջանում ընդգծված լարվածության մասին ՍիվիլՆեթը զրուցել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ, դոցենտ Վահրամ Պետրոսյանի հետ: