Պերմյակովի գործով դատական գործընթացը սկսվել է (լրացված)

 

Screen shot 2015-08-12 at 11.21.40 AM

Այսօր` օգոստոսի 12-ին, Գյումրիում ՌԴ 5-րդ կայազորային ռազմական դատարանում, որը գտնվում է ՌԴ զինված ուժերի Հյուսիսկովկասյան շրջանային դատարանի ենթակայության ներքո, ընթանում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով առաջին դատական նիստը` զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մասով:

***

13:20

Հյուսկովկասյան շրջանային դատարանի մամուլի խոսնակ Ալյոնա Կատկալոն լրագրողներին հայտնեց, որ այս պահին ընթանում է վկաների հարցաքննությունը: Պերմյակովը օրենքով սահմանված կարգով հրաժարվել է ցուցմունքներ տալուց. նրա գրավոր ցուցմունքները ներկայացվել են դատարանի դահլիճում: Կատկալոյի խոսքով այժմ վաղ է ասել, թե այսօր կհրապարակվի վճիռը, թե ոչ:  Թե քրեական գործի այս մասով քանի տարվա ազատազրկման պատիժ է նախատեսվում, մամուլի խոսնակն ասաց, որ պատրաստ չէ այդ հարցին պատասխանել:

11:26

Պերմյակովն իր նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ լքել է զորամասը, քանի որ չի ցանկացել ծառայել, ուզեցել է տուն վերադառնալ, կտրել է զորամասի մետաղյա թիթեղներն ու դուրս եկել քաղաք: Զենքը վերցրել է, որպեսզի դրանով վախեցնի որևէ մեկին ու գումար և հագուստ խլի, նաև եթե շների հանդիպի պաշտպանվի նրանցից,  ինչպես նաև պլանավորել է զենքը հետագայում վաճառել Թուրքիայում: Ըստ նրա նախաքննական ցուցմունքի Ավետիսյանների տանը հայտնվել է պատահաբար: Երբ ընտանիքի անդամներից արթնացել են, նա վախեցել է ու կրակել, հետո փոխել հագուստը, թողել զենքն ու իրերը ու փախել: Որպես դասալքության պատճառ ասել է միայն, որ տուն էր ուզում գնալ և վերջ, այլ պատճառ չի ունեցել: Զորամասը լքել է գիշերը երկուսի հատվածում, պլանավորում էր տուն վերադառնալ Թուրքիայի սահմանն անցնելով: Զենքն ու այլ իրերը թողել է Ավետիսյանների տանը ժամը վեցի սահմաններում: Ավետիսյանների տնից դուրս գալուց հետո շարժվել է դեպի թուրքական սահման, թաքնվել է մի տնակում, որոշ ժամանակ քնել է այնտեղ, սպասելով, որ գիշերն անցնի սահմանը: Ցանկանում էր Թուրքիայից վերադառնալ իր հայրենի գյուղ, և այնտեղ թաքնվել:

11:15

Դատական նիստը ընթանում է բաց ընթացակարգով, սակայն դատարանը թույլատրել է տեսանկարահանել նիստի միայն սկիզբն ու ավարտը: Հյուսիսկովկասյան շրջանային դատարանի մամուլի խոսնակ Ալյոնա Կատկալոն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` նշելով, որ Վալերի Պերմյակովն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Դատարանը նաև երկարացրել է Պերմյակովի կալանքի ժամկետը մինչև 2016թ. հունվարի 30-ը: Դատական նիստի ընթացքում Պերմյակովի պաշտպանն ասաց, որ Պերմյակովը օգտվելով իր իրավունքից չի պատասխանի հարցերի: Նիստի ընթացքում դատարանը հրապարակել է Պերմյակովի նախաքննական ցուցմունքները, սակայն բաց է թողնվել սպանությունները նկարագրող մասը, քանի որ ըստ մեղադրողի` այդ մասով քննությունն իրականացնելու է հայկական կողմը:

Դատական նիստին ներկա են նաև Ավետիսյանների ընտանիքի հարազատները: Նրանք դատական նիստի մեկնարկից առաջ ասում էին, որ իրենք չեն հավատում, թե Պերմյակովը միայնակ է իրականացրել սպանությունը:

***

Հունվարի 12-ին Գյումրիում սպանդի էր ենթարկվել Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը։ Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։

Հունիսի վերջին Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ սկսված բողոքի ցույցերի ընթացքում Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեց Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Հանդիպման արդյունքում, ի թիվս այլ պայմանավորվածությունների, ռուսական կողմը համաձայնեց Պերմյակովի գործը` սապնության մասով, հանձնել ՀՀ քննչական կոմիտեի վարույթ:

Մնացած հոդվածներով («Դասալքություն», «Զենքի հափշտակում» և «Զենքի ապօրինի կրում») նյութերը օգոստոսի սկզբին ուղարկվել են Հայաստանում 5-րդ կայազորային զինվորական դատարան: