Ադրբեջանական դիվերսիոն փորձերը ձախողվել են

army-soldier-61ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն նախորդ գիշեր ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից ձեռնարկվել է սահմանագոտի ներթափանցելու երկու փորձ, որոնք ձախողվել են: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվրոպական խաղերից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է անկայուն պահել իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին:

«Հրադադարի ամենօրյա խախտումները իրականացվում են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետերից: ՀՀ պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր ներկայացնում է խախտումների վիճակագրությունը:

Օգոստոսի 11-12 գիշեր միայն 82 մմ-ոց ականանետերից ադրբեջանական զինված ուժերը արձակել են 109 ական: Նույն ժամանակահատվածում ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից ձեռնարկվել է սահմանագոտի ներթափանցելու երկու ձախողված փորձ:

Հայկական կողմը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը բազմիցս զգուշացրել է, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ձգտումներն ու հայտարարություններն ինքնախաբեություն են, իսկ այդ տրամաբանությամբ ձեռնարկվող սադրանքները Ադրբեջանի բանակի համար հղի են անկանխատեսելի հետևանքներով:ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին կարևորում է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու և այդ նպատակով ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման, փոխվստահության միջավայրի ձևավորման, ինչպես նաև հրադադարի խախտումների միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը», – ասվում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: