Պերմյակովի գործով վճիռը կհրապարակվի ժամը 19:00-ին

Screen shot 2015-08-12 at 5.23.17 PMԳյումրիում ընթացող Պերմյակովի գործով դատաքննությունն ավարտվել է: ՍիվիլՆեթի լրագրողի փոխանցմամբ մեղադրական ճառով հանդես եկող դատախազն ասաց, որ Պերմյակովի արարքն ավելին է քան հանցագործությունը, քանի որ նա իր քայլով խնդիրներ է առաջացրել բարեկամ ժողովուրդների միջև: Պետական մեղադրողն ասաց, որ բոլոր ապացույցներով ներկայացված երեք մեղադրանքներն էլ հիմնավորված են: Դատախազը ընդհանուր առմամբ միջնորդեց որպես պատիժ սահմանել 10 տարվա ազատազրկում:

Պերմյակովի պաշտպան Արթուր Դանիելյանը ասաց, որ իր համար շատ դժվար է պաշտպանել Պերմյակովին, հաշվի առնելով հանգամանքները, սակայն խնդրեց դատարանին որոշում կայացնել մի կողմ դնելով էմոցիաները, հիմնվելով եղած փաստերի վրա: Նա ներկայացրեց, որ Պերմյակովը հափշտակված զենքով եղել է ընդամենը տասը ժամ, ինչպես նաև առաջին իսկ պահից համագործակցել է քննչական մարմինների հետ: Արդար դատավճիռ խնդրեց նաև որպես տուժող ներգրավված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար Ուստինովը:

Պերմյակովը շատ ցածր ձայնով արտաբերեց իր վերջին խոսքը` կրկնելով, որ ինքը զղջում է, ընդունում է մեղադրանքները և պատրաստ է կրել ցանկացած պատիժ, որ կկայացնի դատարանը: Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ: Վճիռը կհրապարակվի 19:00-ին:

ՍիվիլՆեթն ավելի վաղ հաղորդել էր, որ այսօր` օգոստոսի 12-ին, Գյումրիում ՌԴ 5-րդ կայազորային ռազմական դատարանում, որը գտնվում է ՌԴ զինված ուժերի Հյուսիսկովկասյան շրջանային դատարանի ենթակայության ներքո, ընթանում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով առաջին դատական նիստը` զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մասով: Նիստի ընթացքում դատարանը հրապարակել է Պերմյակովի նախաքննական ցուցմունքները, սակայն բաց է թողնվել սպանությունները նկարագրող մասը, քանի որ ըստ մեղադրողի` այդ մասով քննությունն իրականացնելու է հայկական կողմը:

***

Հունվարի 12-ին Գյումրիում սպանդի էր ենթարկվել Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը։ Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։

Հունիսի վերջին Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ սկսված բողոքի ցույցերի ընթացքում Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեց Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Հանդիպման արդյունքում, ի թիվս այլ պայմանավորվածությունների, ռուսական կողմը համաձայնեց Պերմյակովի գործը` սապնության մասով, հանձնել ՀՀ քննչական կոմիտեի վարույթ:

Մնացած հոդվածներով («Դասալքություն», «Զենքի հափշտակում» և «Զենքի ապօրինի կրում») նյութերը օգոստոսի սկզբին ուղարկվել են Հայաստանում 5-րդ կայազորային զինվորական դատարան:

Մեկնաբանել