ՀԷՑ-ում աուդիտը կանցկացնի Deloitte Touche-ը

Deloitte_Building, BudapestՀայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունում աուդիտը կանցկացնի Deloitte Touche ընկերությունը: Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ:

«ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի միջոցով: ՀՀ կառավարության աշխատակազմին հանձնարարվել է նշված կազմակերպության հետ կնքել պետության կարիքների համար անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերման պայմանագիր՝ մինչև տվյալ գնումը կատարելու ֆինանսական միջոցների հատկացումը»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:

Վարչապետը հիշեցրել է, որ ռուսական կողմի հետ աշխատում են աշխատում են ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի աշխատանքների վրա:«Շատերը թյուր տպավորություն են ստացել, որ մինչև խորհրդատվության ավարտը կառավարությունը սակագների տարբերության մասով (6.93 դրամ) կաջակցի ոչ միայն բնակչությանը, այլև խոշոր բիզնեսին: Դա այդպես չէ: Կարծում եմ, որ կառավարությունը չէ, որ պետք է ֆինանսավորի նաև խոշոր բիզնեսը: Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք մեզ վրա վերցնելու ենք սակագնի տարբերությունն ազգաբնակչության համար: Երբ հանրապետության նախագահն արձակուրդից վերադառնա, ես նրա հետ նաև քննարկելու եմ ՓՄՁ-ներին աջակցելու խնդիրը, որոնք ծախսում են ամսական միջին հաշվով 250 կՎտ հոսանք»,- ասել է վարչապետը:

Deloitte Touche-ը աուդիտի և խորհրդատվության ոլորտի ամենախոշոր ընկերությունն է աշխարհում:

***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Երևանում և ամբողջ Հայաստանում սկիզբ առած բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում իշխանությունները հայտարարեցին, որ էլեկտրաէներգիա մատակարարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում կանցկացվի աուդիտ, և մինչև աուդիտի ավարտը, սակագնի 7 դրամ թանկացման համար բնակիչները չեն վճարի:

Մինչև օգոստոսի 1-ը կառավարությունը չէր հստակեցրել, թե ինչ միջոցների հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը: Օգոստոսի 1-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ սուբսիդավորումն իրականացվելու է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության վաճառքից առաջացած միջոցներից: Որոտանի ՀԷԿ-ը 180 մլն դոլարով վաճառվել է ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությանը:

Մեկնաբանել