«Հայ Մուկը»

Consecration of St. Anna church's cross Իսլամացած հայերի հետ մի քանի օր առաջ տեղի ունեցածը՝ եկեղեցու՝ նրանց մկրտելուց հրաժարվելը, դարձյալ աշխուժացրեց «հայի» թեման։

Իսլամացած հայերի հետ մի քանի օր առաջ տեղի ունեցածը՝ եկեղեցու՝ նրանց մկրտելուց հրաժարվելը, դարձյալ աշխուժացրեց «հայի» թեման։ Ո՞վ է հայը։ Անձամբ ես դժվարանում եմ ասել։ Թեպետ իմ «հուշարարները» Փոքր Մհերի կերպարն է, Քաջ Նազարինը, Խորենացին, Կոմիտասը, Թումանյանն են: Բայց զգում եմ, որ «հայը» այսօր ավելի շուտ հիվանդություն է, քան ազգություն։ Որովհետև ինքն այլևս պատմություն չունի, ամեն մեկի սնափառության ու ինքնաձախողման հետ է գալիս։

Տարողունակ «հայը», որը դարերի ամեն օրով է «պարարտացել», այսօր այնքան ծանծաղ է, որ գլխի էլ չես ընկնում՝ ինչու՞ ոչ թուրք, ինչու՞ ոչ չինացի, ինչու՞ ոչ անգոլացի և ինչու՞ հայ։ «Հայ»-ով հիվանդը Մաշտոցին, Խորենացուն կամ Նարեկացուն փակել է և ուզում է իրենից սկսել։ Քրքրում ես, տեսնում ես բովանդակային ոչինչ չկա։ Քրքրում ես, տեսնում ես՝ սրա վերջը ինչ-որ մեկի գլուխն ուտելն է հանուն այն բանի, որ էդ ինչ-որ մեկը «հայ» չէ։ Որտե՞ղ է այս մարդկանց հայ լինելու գրագիտությունը կամ բնությունը: Հայ Առաքելական լինելը հաշիվ չէ, որովհետև ցանկացած կոնկրետ եկեղեցու մեջ Աստծո դոզան միշտ քիչ է: Ասում են «մի բուռ հայ ենք»: Այս զեղումը տրամաբանական է, ասենք, Դերսիմի փոքրամասնության համար, որն ի դեպ իսլամացած է, բայց ոչ պետության: Եթե պետությունում մի բուռ ես, ուրեմն երազանքդ թռնելն է ու մի մեծ բանի մաս լինելը, ուրիշի հաշվին մեծ լինելը: Ուրեմն, ինքդ քեզանով մեծ լինելու ձգտում չունես: Եթե էդ մեծը քո ներսում չէ, գնալու ես դառնաս ուրիշի մեծը, որտեղ դու նույն փոքրն ես: Մինչդեռ հլա ձեզ նայեք ձեր պետության դիրքերից։ Տեսեք, հնարավո՞ր է լինել հայ առանց Հայաստանի Հանրապետության։ Չեք կարողանում։ Որովհետև ձեզ համար «հայ» է և՛ Ազնավուրը, և՛ Քարդաշյանը, և՛ դուք, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Հովիկ Աբրահամյանը, և՛ Ծառուկյան Գագիկը։ Այդպես չի լինում, ընկերներ։ Ազնավուրի և Քարդաշյանի հետ գործ չունեք: Քանզի այդպես Ջոն Դոնն էլ է հայ, Դարվինն էլ, Էյնշտեյնն էլ, Կամյուն էլ: Բոլորն էլ հայ են, որովհետև հակահայ չեն:

Իրականում պետք է այնպես լիներ, որ Հովիկ Աբրահամյանի հարստանալու մոլուցքի մեջ դուք տեսնեիք նրա ամենօրյա փախուստը Հայաստանի Հանրապետությունից, այսինքն, տեսնեիք հակահային: Որովհետև պետության հետ այդպես վարվողը ի սկզբանէ այս պետությունից թռած մարդ է։ Ինքը ոչ թե ազգություն չունի, այլ թքած ունի, որ ազգությունն ինքը չէ: Ինքը կորցնելու բան ունի: Նրա ինչի՞ն է պետք կորուստ կորուստի հետևից ցամաքող Հայաստանի մասնիկը լինելը, նրա ինչի՞ն է պետք հայ լինելը, եթե առանց դրա էլ ինքը Հովիկ Աբրահամյանն է կամ Սերժ Սարգսյանը:

Կամ՝ Ալեքսանդր Սարգսյանը (խիստ «հայեցի» տնտեսական ախորժակով մի մարդ): Եթե հայը կորցնելու բան ունի, ինքը հայ չէ: Ինքը մկան նման կուտակում է, որ թռնելու բազա ունենա։ Դա վերաբերում է և՛ Սերժ Սարգսյանին, և՛ մյուսներին։ Բոլորը կուտակում են մկան նման։ Բայց քանի որ մարդ են, ունեն հանցագործի բնազդներ, առանց փախուստի մտքի չեն կարող կուտակել։ Մուկն այդ ընկալումը չունի։ Եթե նա ունենար պետության ընկալում, կունենար պետություն։ Հետևաբար, չէր ունենա պետությունից թռնելու հակում: Որովհետև պետությունը հալալ քրտինքով կուտակած քո ոտքի տեղի, այն քո սիրով և պարտքով լցնելու և այնտեղ քո բնական ազատության տերը լինելու համադրությունն է: Եթե սրանցից մեկը պակասում է, դու դառնում ես «սփյուռք»: Հովիկ Աբրահամյանն, ուրեմն, այս 29 հազար քառակուսի կմ-ի սփյուռքն է, և հետևաբար բոլորս ենք այս տարածքի սփյուռքը, քանի դեռ «հայը» բովանդակություն է, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ ոչ։ Հովիկ Աբրահամյանի, Սերժ Սարգսյանի իմացած հիպնոսող գեղեցկությունը փողն է, ոչ թե պետությունը։ Դրա համար Արարատյան դաշտավայրը ջուր չունի, Երևանն անտառներ չունի, իսկ կազինոն Եղեռնի զոհերի հուշահամալիրի քթի տակ է:

Այսպիսով, Հայաստանն այն աստիճանի է դադարել պետություն լինել, որ իր ներսում քաղաքացին վերածվել է սփյուռքի։ Ինքը ընդհանուր առմամբ է հայ, բայց հենց ասում ես՝ արի Հայաստանի Հանրապետության հայը դարձիր, տեսնում է, որ դա պարտավորություն է և որ դա ուրիշից մսխվող փող չէ: Սերժ Սարգսյանը, դիցուք, համադրեց «հայ» դառնալը և ուրիշից փող մսխելը: Այսօր մենք գիտենք, որ դա նույն վարքն է: Սփյուռքի ամեն քաղաքացի ունի իր պետությունը, բայց ինքը հայ է։ Այսինքն, հայաստանցի չէ։ Հիմա այստեղ վիճակն ավելի վատ է, բոլորը հայ են ու նույնիսկ իրենց պետությունը չունեն։ Ահա ինչու կառչում են «հայ» բառից՝ նրա մեջ չդնելով պետական հոգածության որևէ էլեմենտ։ Իսկ երբ պետություն չկա, հայն ազգությունից դառնում է դավադրություն:

Իսլամիստն օրինակ Մեծ Բրիտանիայում կամ Իսպանիայում նույնն է, ինչ «հայը» Հայաստանում։ Նրան ընդունում են, նրա վրա տարածվում է պետության իրավունքներն ու պարտականությունները, բայց աչքը նրանից չեն հեռացնում՝ ինչ իմանաս, թե ինչ օյինբազություն կանցնի մտքով։ Իսլամիստն անշուշտ ազգություն չէ, բայց նրա դեպքում էլ հավատքն է դավադրության տեղ անցնում։ Այդպիսին է հայը Հայաստանում։ Իրեն ազատել է պետություն ունենալուց ու լծվել «հայ» լինելու գործին։ Ինչու՞։ Որովհետև փակել է ներքին տեսադաշտը։ Ասենք, ազատ ընտրությունը պարտադիր չէ, բայց «կայֆ ա», որ Քարդաշյանը կամ Ազնավուրը հայ է։ Երբ ազատ ընտրությունը պարտադիր չէ, ուրեմն դեմ չես, որ պետությունը փակվի։ Եթե պետությունդ տեսադաշտ չէ, Ազնավուրն այնքանով է հայ, որքանով գազանանոցի արջը՝ ռուս։ Մի հպարտացեք հայ լինելով, եթե այն ներաշխարհի փոխարեն պարարտացնում է ձեր թուրք չլինելը, ռուս չլինելը, իսլամիստ չլինելը։ Որովհետև երեխա չսպանելը, կին չծաղրելը պիտի որ արդեն ձեր բնության մեջ լիներ։ Եթե դուք դեռ նոր եք սկսվում, Աստծուն փառք, գրքեր կան, կարդացեք։ Ասենք, Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը»։ Լրիվ լուրջ։ Արտաշ մուկը հաղթեց օձին, որն իրեն պիտի ուտեր։ Արտաշ մուկն այլ բնություն էր, որովհետև չխաբվեց օձի հիպնոսող գեղեցկությանը։ Ո՞րն է մեր հիպնոսող գեղեցկությունը՝ ուրիշի դղյակը, ընտրակաշառքը, սեփական տան անկյունում անօրինության դեմ մրթմրթալու իրավունքը։ Արտաշ մուկինն ապրելու իրավունքն էր, որը վաստակեց: Եթե Հայ մուկը շարունակություն չունի, ինքն արդեն մուկ չէ, «հայ» է:

Ի վերջո գոնե մեկ անգամ մի ծուլացեք ու նկատեք, որ հենց ձեր պապակ սնափառության արդյունքում տարողունակ Հայաստանի Հանրապետությունից մնաց մի մինուճար բառ՝ հայը, որը հավատ չէ լավ օրվա աղերսով, օրենք չէ ընդդեմ անաստվածային բարքերի, արժանապատվություն չէ ընդդեմ կերված լինելու օձի բնության։ Որովհետև ձեր հայը անորեքսիայի մատնված բառ է։