Հարձակում հայկական Քամփ Արմեն ճամբարի վրա

150519 Camp Armen 1Օգոստոսի 13-ի երեկոյան մի խումբ  անհայտ անձինք մահակներով հարձակվել են Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական «Քամփ Արմեն» ճամբարի մոտ հերթապահություն իրականացնող երիտասարդների վրա և ծեծել նրանցից երկուսին: Քաղաքացիները արդեն 100 օրից ավելի է, ինչ խաղաղ բողոքի ցույց են անցկացնում ճամբարում` պահանջելով այն վերադարձնել հայկական համայնքին:

«Այս հարձակումը, որը ցեղասպան մտածողության դրսևորում է, չի կարող կոտրել մեր կամքը: Մենք հրապարակային հայտարարում ենք , որ կշարունակենք մեր պայքարը նույն վճռականությամբ», – ասվում է հայկական Նոր Զարթօնք միության տարածած հաղորդագրության մեջ: Դեպքի առնչությամբ ակտիվիստները դիմել են ոստիկանություն:

***

Այս տարվա մայիսի 6-ին հայկական ճամբար-որբանոցի ներկայիս սեփականատերը նախաձեռնել էր ճամբարի շենքի քանդման աշխատանքները: Ճամբարի մեկ երրորդն արդեն հողին էր հավասարեցվել, սակայն ճամբարում հայտնված քաղաքացիներին հաջողվել է դադարեցնել շինության վերջնական ավիրումը: Մինչև օրս քաղաքացիները ճամբարում սահմանել են շուրջօրյա հերթապահություն: Ակտիվիստները պահանջում են Քամփ Արմենը վերադարձնել Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցուն:

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից առաջ ճամբարի ներկայիս սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը գրավոր հայտարարություն էր տարածել և հաստատել, որ սեփականության իրավունքը վերադարձնելու է, ավելի ճիշտ՝ նվիրաբերելու է Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցուն, սակայն մինչև օրս ճամբարի սեփականության վկայականը եկեղեցուն չի վերադարձվել:

Քամփ Արմենի դիմադրության պայքարի մասին ՍիվիլՆեթի պատրաստած տեսանյութը կարող եք դիտել այստեղ: