Ոստիկանությունը քննում է «Էյր Արմենիա»-ի տնօրենին ծեծի ենթարկելու մասին հաղորդումը

308545_274789925885096_1136Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ «Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին առևանգելու և ծեծի ենթարկելու մասին տեղեկությունների առնչությամբ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում քննություն է տարվում։

Արսեն Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանն այսօր` օգոստոսի 17-ին, բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահին, ոստիկանապետին, գլխավոր դատախազին, ԱԱԾ պետին և Մարդու իրավունքների պաշտպանին: Նա խնդրում է ապահովել իր և ընտանիքի անվտանգությունը:

«Ելնելով ամուսնուս՝ Արսեն Ավետիսյանի նկատմամբ 15.08.2015թ. իրականացված ֆիզիկական բռնության հանգամանքից, և հաշվի առնելով, որ որոշ անձինք ի դեմս Ռուբեն Հայրապետյանի՝ դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ այնուհետև առևանգել և զրկել ազատությունից իր կամքին հակառակ մոտ երկու ժամ, որի ընթացքում շուրջ քառասուն զինված անձանց ներկայությամբ Ռուբեն Հայրապետյանը ճնշում է գործադրել՝ պահանջելով ստորագրել մի գրություն, որ իբր ամուսինս Ռուբեն Հայրապետյանին գումար է պարտք: Սպառնացել են, որ առանց այդ թուղթը ստորագրելու ազատ չեն արձակի: Միայն որոշ լրատվամիջոցների զանգից հետո ազատ են արձակել: Դիմել եմ իրավապահ մարմիններին, սակայն մտահոգված եմ ամուսնուս, ով այժմ գտնվում է Հերացու թիվ 1 հիվանդանոցում և մեր ընտանիքի անդամների անվտանգությամբ», – ասվում է նամակում: Ոստիկանությունից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ տեղյակ են բաց նամակի մասին, և դրան համապատասխան ընթացք կտրվի:

Օգոստոսի 15-ին հայտնի էր դարձել, որ «Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը ծեծի է ենթարկվել: Ավետիսյանի կինը shamshyan.com-ին հայտնել էր, որ «Էյր Արմենիա» ընկերությունն ունի պարտքեր և պարտքատերերից Գառնիկ Պապիկյանը, ով հանդիսանում է «Տարոն» ավիաընկերության սեփականատերը, դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որպեսզի «այլ ճանապարհներով պարտքերը ստանա»: Իզաբելլա Մելքումյանը ասել էր, որ Ռուբեն Հայրապետյանը ամուսնուն հրավիրել է ֆուտբոլի ֆեդերացիա հանդիպման: Քիչ անց նա տեղեկացել է, որ ամուսնուն ծեծելով տարել են ու պահում են ֆեդերացիայում: Այնտեղից Ավետիսյանը տեղափոխվել է թիվ 3 կլինիկական հիվանդանոց, այնուհետև տեղափոխվել է Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Մեկնաբանել