Երբ բռունցքը ծանր է

TH_Ruben-Hayrapetyan1Հայաստանի քաղաքացին հերթական անգամ ցնցված է. Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները և Մհեր Սեդրակյանի հարազատները մարդ են ծեծել։ Ինչպես ընկերս է ասում՝ տղերք, դուք ուրիշ բա՞ն էիք սպասում։ Բա պիտի ծեծեն։ Ծեծողը պիտի ծեծի։ Եթե նա «ուղղիչ աշխատանքային հիմնարկում» չէ, պիտի ծեծի էլ, պիտի սպանի էլ։

Զարմանում եք, կուրծք եք ծեծում, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում անելիք չունի։ Իսկ, կներեք, ո՞ւր կառաջարկեիք ուղարկել Սուրիկ Խաչատրյանին, Թոյնբիից հետո «պատմության» «ամենահայ» «փիլիսոփային» (հիշու՞մ եք նրա թեկնածուական դիսերտացիան)։ Ինչպե՞ս վարվենք այդ մարդկանց հետ։ Վաղն էլ Մանվել Գրիգորյանի մասին եք լսելու, էն մյուս օրը Ալեքսանդր Սարգսյանի թիկնազորը կամ նա անձամբ կարող են հայտնվել նման պատմությունների մեջ։ Ձեզ ինչո՞ւ է թվում, որ նրանք իրենց պետք է պահեն Սահմանադրության հետ հաշվի նստող պետական պաշտոնյայի, գործարարի կամ պարզապես քաղաքացու նման։ Դուք զարմացեք, երբ նրանք մարդ չեն ծեծում։ Ձեր զարմանքը թող Հայաստանի անարյուն լուսաբացի մասին լինի։ Թե չէ էդ մարդիկ ձեզ որևէ արտառոց բան չեն առաջարկում որևէ մեկի գլուխը ջարդելով։ Հիշո՞ւմ եք ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի պատասխանը Սուրիկ Խաչատրյանի որդու վերջին սկանդալից հետո, երբ հարցրին, թե չի՞ պատրաստվում հրաժարական տալ Սյունիքի մարզպետը։ Պատասխան չէ, մուրազ է, բերնի մեջ հալվող հալվա. «Հո ամեն անգամ հրաժարական չի՞ տա»։ Ոչ միայն «լավ» է ասում, ճիշտ է ասում, տղերք։ Որովհետև ձեր բռունցքները Ֆեյսբուքում են, իսկ նրանք,- ծիծաղելի է անգամ ասելը,-Ֆեյսբուք չեն նայում։ Ռուբեն Հայրապետյանը արդեն «բնության ճիչ» է։ Նա մարդուն ծեծել է հրահանգում այնպես, ինչպես ճնճղուկը ճռվողում է։ Կարո՞ղ ես ճնճղուկին հրահանգել դադարեցնել ճռվողյունը։

Մարդու բնությունը գուցե հակամարդկային է, գուցե նրան չեն ասել, որ «ոչ միայն բռունցքիվ», բայց ինչո՞ւ պիտի նա ինքնուրույն դադարեցնի ծեծելը, եթե,- հրեն,- Բաղրամյան 26-ում նստած է մեկը, որը հենց այսպիսի «դիվիդենտների» կարիք ունի։ Այս ծեծուջարդը սահմանադրական փոփոխությունների անցկացման «դիվիդենտն» է, նրանք խոցելի են, երբ չեն ծեծում։ Վաղը նրանց կասեն՝ տղերք, ձեզ ինչու՞ ենք պահում, քիչ մարդ կա՞, որոնց գլուխն արժե ջարդել։ Իսկ նրանք չեն նստի ու մտածի, թե շեֆի ինչի՞ն է պետք, որ իրենք մարդու գլուխ ջարդեն։ Հասկանո՞ւմ եք, հենց դա է արել Մհեր Սեդրակյանի «սվիտան»։ Նա գնացել և մարդուն ծեծել է մի բանի համար, որն անձամբ Մհեր Սեդրակյանին չի վերաբերում։ Ռուբեն Հայրապետյանը նույնպես իրեն չվերաբերող բանի համար է ջարդել գործարարի գլուխը, բայց նա «ֆայմել» է հայտարարել, որ իր «ողորմածության» դաշտ մտած փողն իր փողն է։ Եվ անմիջապես գործարարին «առգրավել» է լույս աշխարհից ու փորձել իր հարցերը լուծել։ Ձեզ դրեք այդ մարդկանց տեղը, «խիղճ» ունեցեք ու ձեզ դրեք նրանց տեղը, տեսեք ՝ հնարավո՞ր է այլ կերպ վարվել։

Իրենք ծեծից հետո մանրամասներ չեն քննարկում, ասենք, апперкот-ի տեխնիկան չէ նրանց թեման՝ ձախից լավ եղավ հարվածը, թե աջից։ Նրանք բռնցքամարդի կամ նույնիսկ «մարտեր առանց կանոնների» մարզաձևի մարզիկներ ու մարզիչներ չեն։ Նրանք Հայաստանի «առաջին» մարդիկ են, որովհետև վաղուց քննարկման թեմա չէ, թե, ընդհանրապես, նրանք ի՞նչ գործ ունեն ազատության մեջ։

Ռուբեն Հայրապետյանի համար այնքան բնական է գլուխ ջարդելը, որ նույնիսկ անբնական է մտածելը, թե ով է այսօր հիշում Վահե Ավետյանին։ Որովհետև ինքը նախադեպի կանխավարկածով հանցագործ չէ, որը նախորդ արարքի համար պատասխան է տվել, ինքը պարզապես ծեծող է, կծեծի այսօր, կծեծի վաղը, կծեծի հրահանգով, առանց հրահանգի։ Կծեծի միշտ։ Մինչև կասեն, որ, հերիք է, պետք չի։

Կծեծի, որովհետև այս Հայաստանը հակառակի մասին չէ։ Որովհետև մինչև իսկ մեր բնությունն է պատրաստ այդպիսի հանցագործությանը։ Որովհետև ոչ թե նրանք են Ռուբեն Հայրապետյան, Մհեր Սեդրակյան, Սամվել Ալեքսանյան, Ալեքսանդր Սարգսյան, այլ մենք արդեն մեզ մսաղացի մսացուից ավելին չենք ընկալում։ Բան չունեմ ասելու՝ ցավոտ գործողություն է, մի քիչ կգոռանք, մի քիչ կլացենք, բայց, ի վերջո, որպես իրավիճակի հետ հաշտվելու նշան կամ հաջորդ շառից հեռու մնալու մղում, Էրեբունի համայնքում բնակվող Վահան Մարտիրոսյանի (Սեդրակյանի հարազատների զոհի – Մ. Ա.) նման կհայտարարենք, որ էլ չենք ուզում ապրել Էրեբունի համայնքում։ Այս «հրաժարականը» հենց այն է, ինչը Մհեր Սեդրակյանին դարձրել է թաղամասի տեր ու տնօրեն։ Սա ընտրակաշառքի 5 հազար դրամն է, սա «եթե ոչ Սերժ Սարգսյանը, բա էլ ո՞վ» հարցի իրավազորությունն է, սա արտագաղթի հաղթաթուղթն է, սա «ով էշ, մենք փալան» փիլիսոփայության տրիումֆն է։

Եվ այսօր որպես չար կատակ չի հնչում Սերժ Սարգսյանի նախընտրական «Սա Հայաստանն է և վերջ» խոսքը (իհարկե, Ռուբեն Անգալադյանի «քավորությամբ»)։ Ինքը հո գիտի՞, որ այլ Հայաստան չկա։ Եվ նրանք, ովքեր սահմանադրական փոփոխություններ են երազում, երբեք իրենց հարց չեն տա, թե ինչու է փոփոխությունն այդքան թեթև հնչում։ Որպեսզի չլսեն միակ պատասխանը՝ որովհետև դա անում են նրանք, ում բռունցքը ծանր է։