Նախագահը տեղյակ է Air Armenia-ի սեփականատիրոջ հետ կապված միջադեպից. վարչապետ

Harsnaqar PMՆախագահը տեղյակ է «Էյր Արմենիա» ընկերության սեփականատիրոջ հետ կապված միջադեպից, համապատասխան մարմինները հետևողական են լինելու, որպեսզի հարցը լուծվի օրենքի շրջանակում. այս մասին օգոստոսի 17-ին՝ «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքի օրը, news.am կայքի փոխանցմամբ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից «Էյր Արմենիա»-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու մասին հարցին:

Վարչապետը նշել է, որ տեղի ունեցածը բացասական երևույթ է՝ անկախ այն հանգամանքից, թե ում անվան հետ է կապված:

«Այդպիսի բոլոր խոսակցություններին, որոնք համապատասխանում են իրականությանը, ես բացասաբար եմ վերաբերվում: Այդ հարցը պետք է լուծվի իրավական դաշտում, օրենքին համապատասխան: Ես դատապարտում եմ այդպիսի վարքը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է այն ցուցաբերում, եթե անգամ իմ մերձավորը»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Օգոստոսի 15-ին հայտնի էր դարձել, որ «Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը ծեծի է ենթարկվել: Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը,  հայտնել էր, որ «Էյր Արմենիա» ընկերությունն ունի պարտքեր և պարտատերերից Գառնիկ Պապիկյանը, որը հանդիսանում է «Տարոն» ավիաընկերության սեփականատերը, դիմել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որպեսզի վերջինս «այլ ճանապարհներով պարտքերը ստանա»: Իզաբելլա Մելքումյանը պատմել է, որ Ռուբեն Հայրապետյանը ամուսնուն հրավիրել էր Ֆուտբոլի ֆեդերացիա՝ հանդիպման: Քիչ անց կինը տեղեկացել է, որ ամուսնուն ծեծելով՝ տարել ու պահում են ֆեդերացիայում: Այնտեղից Ավետիսյանը տեղափոխվել է թիվ 3 կլինիկական հիվանդանոց, այնուհետև՝ Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Օգոստոսի 17-ին Ավետիսյանի կինը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահին, ոստիկանապետին, գլխավոր դատախազին, ԱԱԾ պետին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով ապահովել իր և ընտանիքի անվտանգությունը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ «Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին առևանգելու և ծեծի ենթարկելու մասին տեղեկությունների առնչությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնում քննություն է տարվում։  

***

«Էյր Արմենիա»-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել երեք տարի անց այն բանից հետո, երբ նույն  «Հարսնաքար»-ում 2012թ. հունիսի 17-ին համալիրի անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել մի խումբ քաղաքացիների: Ծեծի ենթարկվածներից ռազմական բժիշկ Վահե Ավետյանը հունիսի 29-ին, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ: 2014թ. մարտի 24-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Հարսնաքարի» գործով 6 ամբաստանյալներին դատապարտել է 12 տարվա ազատազրկման և 100 հազարական դրամի չափով տուգանքի:

2012թ. հուլիսին Ազգային ժողովի պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել: Հայրապետյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր. «Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց»: