Ես Մոնակոյում չեմ եղել. Գագիկ Բեգլարյան

Գագիկ Բեգլարյանը Մոնակոյում չի եղել և այնտեղ գործարար Սամվել Կարապետյանի ծննդյան տոնակատարություն այսօր չի նշվելու։ Տրանսպորտի և կապի նախարարը նման հայտարարություն արեց Կառավարության՝ օգոստոսի 18-ի նիստից հետո։

«Ես Մոնակոյում եմ եղել 12 տարի առաջ, Մոնակո չեմ եղել ընդհանրապես, ու ինչ-որ գրում են, որ ես գնացի, եկա, նորից գնում եմ, այդ ամենը սուտ է։ Ծնունդ անպայման գնալու եմ, բայց դա Մոնակոյում չի լինելու», հայտարարեց նախարարը։

Բեգլարյանն անդրարդարձավ նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը, ասելով, որ չնայած դա բարդ նախագիծ է, այդուհանդերձ, այն բոլորին է անհրաժեշտ։

«Վարչապետի հետ մենք սեպտեմբերի 23-ին մենք մեկնելու ենք Չինաստան, վերադառնալուց հետո ես մանրամասները կներկայացնեմ։»

Տրանսպորտի և կապի նախարարի խոսքով՝ Չինաստանի համար մետաքսյա այդ ճանապարհը շատ կարևոր է.«Չինաստանի նախագահը կոնկրետ այդ ճանապարհի համար Չինաստանում գումարներ է հատկացրել, դրա համար Չինաստանի այն կազմակերպությունները, որոնք երկաթգծով են աշխատել և մասնագիտացել բոլորը ունեն շահագրգռվածություն, որպեսզի այդ երկաթգծում ունենան իրենց ուրույն տեղը։»

2008 թվականին Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման խոստում տվել էր Սերժ Սարգսյանը, ասելով, որ կառուցումը պետք է սկսվի առաջիկա տարիներին: Արդեն ավելի քան 6.5 տարի է, ինչ երկաթգծի նախագիծը իրականություն չի դառնում։ 2015-ի հունիսին «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը հայտարարել էր, որ հայ-իրանական երկաթգիծը անհեռանկարային նախագիծ է։

Հակադարձելով նմանատիպ հայտարարություններին՝ Գագիկ Բեգլարյանն ասաց.

«Այն մարդիկ, ովքեր նախագծին դեմ են խոսում ու փորձում են ավելի դժվարացնել և վախեցնել մարդկանց, որ նախագիծն ընդհանրապես չի իրագործվելու, դա բոլորիս դեմ է։»

Տրանսպորտի և կապի նախարարն անդրադարձավ նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցմանը։ Ծրագիրը նախատեսվում էր սկսել 2009թ-ին և ավարտել 2017թ-ին։

Բեգլարյանն ասաց, որ աշխատանքերի իրականացման թե՛ տեմպերից, թե՛ որակից ինքը գոհ է.

«Ե՛վ հյուսիս-հարավով և՛ մեր ճանապարհաշինության մեջ կատարյալ բարձր որակի աշխատանքներ են կատարվում, շատ գոհ եմ, որ կարողացանք այս տարի ստանանք այն որակը, որ փորձում էինք ստանանք, կարող եմ հպարտորեն ասել, որ որակը չի զիջում ոչ մի եվրոպական և արևմտյան երկրների աշխատանքներին։»

Մեկնաբանել