Դավութօղլուն Էրդողանին կվերադարձնի կառավարություն կազմելու մանդատը

DavutogluԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն օգոստոսի 18-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կվերադարձնի կառավարություն կազմելու մանդատը՝ ընդդիմադիր կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ երկարատև բանակցությունների տապալումից հետո. այս մաին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) իշխող կուսակցության պաշտոնյաներին:

«Կուսակցության [ԱԶԿ-ի – ՍիվիլՆեթ] համար կոալիցիա կազմելու որևէ տարբերակ չի մնում: Հետևաբար այս երեկո Դավութօղլուն մանդատը կվերադարձնի նախագահին»,- Reuters-ի հետ զրույցում ասել է իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկը:

Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, մինչև օգոստոսի 23-ը՝ կառավարություն կազմելու վերջնաժամկետի ավարտը, մնում է մի քանի օր, և կարևոր հարց է, թե արդյոք Էրդողանը նոր կառավարություն կազմելու մանդատ կտա գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, որի կուսակցությունը հունիսի 7-ի համընդհանուր ընտրություններում զբաղեցրել էր երկրորդ տեղը:

Թուրքիայի սահմանադրության համաձայն՝ Էրդողանն իրավունք ունի լուծարել Դավութօղլուի կառավարությունն ու մինչև վերջնաժամկետը՝ օգոստոսի 23-ը, ժամանակավոր կառավարություն կազմելու կոչ անել, ինչը ենթադրում է, որ մինչև աշնանը կայանալիք նոր ընտրություններն իշխանությունը կկիսեն բոլոր չորս` գաղափարական խոր հակասություններ ունեցող կուսակցությունները: Թուրքիայի նախագահը, ըստ շրջանառվող լուրերի, այս տարբերակի կողմնակիցը չէ:

Հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 13 տարվա ընթացքում առաջին անգամ կորցրեց բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում՝ հավաքելով ձայների 40,8 տոկոսը: Իշխող ԱԶԿ-ի և խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունների միջև կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ բանակցությունները որևէ արդյունք չտվեցին: