«Էյր Արմենիա»-ի տնօրենին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե

investigative committee«Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պահանջով օգոստոսի 18-ին հետաքննության մարմնից ուղարկվել են դատախազություն. այս մասին տեղեկացնում է Դատախազության պաշտոնական կայքը:

Ըստ հաղորդագրության՝ նույն օրը նախապատրաստված նյութերը, համապատասխան հանձնարարությամբ, ուղարկվել են նախաքննական մարմնին՝ ՀՀ քննչական կոմիտե՝ քր. դատ. օր.-ի 180-րդ, 181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:

***

Օգոստոսի 15-ին հայտնի էր դարձել, որ «Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը ծեծի է ենթարկվել: Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը, հայտնել էր, որ «Էյր Արմենիա» ընկերությունն ունի պարտքեր և պարտատերերից Գառնիկ Պապիկյանը, որը հանդիսանում է «Տարոն» ավիաընկերության սեփականատերը, դիմել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որպեսզի վերջինս «այլ ճանապարհներով պարտքերը ստանա»: Իզաբելլա Մելքումյանը պատմել է, որ Ռուբեն Հայրապետյանը ամուսնուն հրավիրել էր Ֆուտբոլի ֆեդերացիա՝ հանդիպման: Քիչ անց կինը տեղեկացել է, որ ամուսնուն ծեծելով՝ տարել ու պահում են ֆեդերացիայում: Այնտեղից Ավետիսյանը տեղափոխվել է թիվ 3 կլինիկական հիվանդանոց, այնուհետև՝ Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Օգոստոսի 17-ին Ավետիսյանի կինը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահին, ոստիկանապետին, գլխավոր դատախազին, ԱԱԾ պետին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով ապահովել իր և ընտանիքի անվտանգությունը:

Օգոստոսի 17-ին՝ «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքի օրը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ նախագահը տեղյակ է «Էյր Արմենիա» ընկերության սեփականատիրոջ հետ կապված միջադեպից, և «հարցը պետք է լուծվի իրավական դաշտում, օրենքին համապատասխան»:

Մեկնաբանել