Ինչու Իրանի արտգործնախարարը չեղարկեց այցը Թուրքիա

javad zarif iranian foreign ministerԼիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը «Թուրքիայի շրջափակումը Իրանի կողմից» վերնագրված հոդվածում վերլուծում է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի Թուրքիա կատարելիք այցի չեղարկումը իրանա-թուրքական հարաբերությունների լարվածության պատկերում: Հոդվածը ներկայացված է ստորև:

Առ այս պահը չի հստակացվել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի օգոստոսի 11-ին Թուրքիա կատարելիք այցի հետաձգման պատճառները։ Նման բարձրակարգ այցերի հետաձգումը ինքնին արդեն մատնում է քաղաքական որոշակի ճգնաժամ։ Նման դեպքերում արարողակարգային պրակտիկան հուշում է, որ առնվազն պաշտոնապես նշվի պատճառը։ Թեկուզ այն համոզիչ չլինի, այսուհանդերձ ինչ-որ պատճառ կհայատարարվի նման այցերի չեղարկման պարագայում։ Ուրեմն տարբերակ առաջինը հետաձգման ճիշտ պատճառն ասելն է: Տարբերակ երկրորդը այլ պատճառով քողարկելն է չեղարկումը: Իսկ տարբերակ երրորդը, որը միջպետական հարաբերությունների ամենախոր լարվածության մասին է խոսում, ընդհանրապես որևե պատճառ չասելն է ու անտեսելը՝ պարզապես հետաձգել կամ ջնջել այցը։

Քաղաքական գործընթացների պրակտիկայի օրինաչափություններում պետք է նախատեսել նաև այցի թվականի վերականգնումը կամ հանկարծակի իրականացումը։ Սա քաղաքական տրամաբանություն է, և ինչ որ շարժիչ գործոն կարող է ի մի խմբել երկու պետությունների պաշտոնական ներկայացուցիչներին։

Բայց մի պահ ճշտենք այցի չեղարկման հանգամանքների շրջագիծը և հիշենք, որ հարևան Սիրիայում երկու պետությունները պատերազմում են միջնորդավորված կարգով։ Թեհրանը, որը ոչ միայն պաշտոնական Դամասկոսի ռազմավարական գործընկերն ու զինվորական աջակիցն է, այլև ուղղակի «Հեզբոլլահ»-ի միջոցով մասնակցում է պատերազմին. երբ բախտորոշ պահ է ստեղծվում, «Հեզբոլլահ»-ի զինյալները աշխույժ մասնակցում են պատերազմին և հետ մղում իսլամիստներին։ Մյուս կողմից նույնքան պարզ է, որ Անկարան մինչև վերջերս շատ աւելի բացահայտ օժանդակում, ֆինանսաւորում և անարգել անցք էր տրամադրում ծայրահեղ իսլամիստներին, որոնք թուրքական ուղղակի աջակցությամբ պատերազմում էին ինչպես կառավարական բանակի, այնպես նաև իրանամետ ուժերի դեմ։ Ըստ էության ուրեմն, սիրիական տարածքներում Իրան-Թուրքիա պատերազմ էր գնում, միջնորդավորված կարգով։

Մի պահ թողնելով տարածաշրջանային այլ հանգուցային խնդիրները, միայն սիրիական կտրվածքով պարզ էր, որ հեշտ չէր լինելու առաջադրված հանդիպումը, որ հիմնականում պատերազմող կողմերի միջև բանակցային հանդիպման տեսք ուներ։ Այցի չկայացումը անուղղակիորեն հուշում է, որ թեկուզ ժամանակաւոր հրադադարի կամ բանակցությունների ժամը դեռեվս չի հասունացել։

Կա նկատելի մի այլ հանգամանք ևս։ Թեհրանը նախապատրաստվում է դուրս գալ միջազգային մեկուսացումից, որի համար Արևմուտքն արդեն ազդանշաններ է տվել։ Իհարկե, դեռ երկար կտևեն փուլային բանակցությունները, մի քայլ առաջ երկու քայլ հետ մարտավարական մոտեցումները, այնուամենայնիւ Թեհրանի ապաշրջափակումը առարկայանալու նախանշաններ է ցույց տալիս։ Մինչ, Արևմուտք-Անկարա երեկվա հարաբերությունների համապատկերը որոշակիորեն մթագնում է։ Խնդիրը շեշտակիորեն կապված է միջազգային ահաբեկչության դեմ պատերազմ հայտարարած միջազգային ընտանիքի և Անկարայի կողմից տարատեսակ ընկալումներին։ Ահաբեկչություն ասելով Արևմուտքն ընկալում է իսլամիստ ծայրահեղականներին, մինչ Անկարան առաջին հերթին քուրդ զինյայլներին։

Ինչ է պարզվում այսօր Անկարայի առաջ։ Ներքին առումով մինչ այս պահը Թուրքիայի գործող մեծամասնությանը չի հաջողվում է կազմել կոալիցիոն կառավարություն։ Քաղաքական ճգնաժամին առընթեր ահագնանում է ներքին կայունության տապալումը. խիստ սրվել է ապահովական իրավիճակը և թուրք-քրդական պատերազմի նորօրյա տարբերակը զգալի է դարձնում ինքն իրեն։ Եթե ոչ սրվել, այնուամենայնիւ նախկին չեն նաև Արևմուտք-Անկարա հարաբերությունները և որևե կերպ չի ստացվում Թեհրանի հետ նորմալ հարաբերություններ մշակելու Անկարայի փորձերը։ Իրանի և Թուրքիայի ամենամեծ Գյուրբուլուք-Բազարգան սահմանային անցակետը Իրանի կողմից միակողմանիորեն փակվել է։ Պատճառը իրանյան բեռնատար մեքենաների վրա իրականացված հարձակումներն են։ Այն տպաւորությունն է ստացվում, որ ապաշրջափակվող Թեհրանը միակողմանիորեն սկսել է շրջափակել Թուրքիային։ Սա կարող է համարվել «զրո խնդիրների» տապալման ամենացայտուն ցուցանիշներից։

Տարածաշրջանային հրդեհը թակել է Թուրքիայի սահմանադռները։ Ամենայն հավանականությամբ, սիրիական սցենարի պատճենահանումը չէ, որին ականատես պիտի լինենք, այսուհանդերձ զինվորաքաղաքական ճգնաժամի դրսևորումները վերածվել են երևույթի։

Գուցե սրանք Իրանի արտգործնախարարի այցի չեղարկման չհայտարարված պատճառների մի մասն են։

Մեկնաբանել