Կանադահայ Անյա Փողարյանի գյուտը՝ միջազգային ուշադրության կենտրոնում

Anya Pogharian Անյա Փողարյանն անդադար աշխատում է՝ կատարելագործելու իր սարքը

Կանադահայ Անյա Փողարյանը, որը ստեղծել է դիալիզի էժան, շարժական սարք, երբեք չի մտածել, որ ավագ դպրոցում մշակած իր նախագիծն իրեն միջազգային ուշադրություն և աշխատանքի առաջարկներ կբերի աշխարհի տարբեր ծայրերից, գրում է CBC-ն:

«Հնդկաստան,Ավստրալիա, Ռուսաստան, Հայաստան, Հարավային Ամերիկա՝ ամենուրեք»,- ասում է Փողարյանը: Օնտարիոյում գործող Baxter Corp. առողջապահական ընկերությունն առաջարկել է հովանավորել Փողարյանին և նրան զտիչներ տրամադրել:

CBC News-ն առաջին անգամ Փողարյանի պատմությանն անդրադարձել է փետրվարին: Նրա պատմությունը մեծ հաջողություն է ունեցել, և միջազգային ուշադրությունը ստիպել է Փողարյանին կատարելագործել իր գյուտը: Սարքի հեղինակի խոսքով՝ ինքն անդադար աշխատում է՝ կատարելագործելու իր շարժական սարքը, որը ստեղծելու համար անհրաժեշտ է 500 դոլար: Ներկայում դիալիզի սարքերն արժեն 30 հազ. դոլար:

Héma-Québec ոչ առևտրային կազմակերպությունը Փողարյանին առաջարկել է ստաժավորում՝ երիտասարդ գյուտարարին տալով նոր սարքը իսկական արյան վրա փորձարկելու հնարավորություն: Անյա Փողարյանն ու իր թիմը հույս ունեին, որ սարքը չորս լիտր արյունը կզտի երկուսուկես ժամում, սակայն սարքը դա արեց ընդամենը 25 րոպեում: Գյուտարարն ասում է, որ սարքի արդյունավետությունը, պարզությունն ու փոքր չափերն այն իդեալական են դարձնում զարգացող երկրների և աղետի գոտիների համար:

Անյա Փողարյանն ակնկալում է, որ իր սարքը մի քանի տարուց մեծ հաջողություն կունենա շուկայում:

Մեկնաբանել