Մեր «Իվանը»

ECHR-StrasbourgԱյնուամենայնիվ, մեր դատական անկախության միակ ճանապարհը Եվրադատարանն է: Որովհետև, տեսեք, մեր դատավորները ավանդական ռազբորկի տղերք են, օրենքը հաշիվ չի: Եթե մեղադրյալը տեր ունի, դատավորը մեղադրյալի կողմն է, եթե անտեր է, մեղադրյալը կորած է, նույնիսկ եթե անմեղ է:

Ո՞րն է ելքը՝ էս անտեր մեղադրյալը պիտի սպառնա ՄԻԵԴ-ով: Ի՞նչ է ՄԻԵԴ-ը՝ այն սոսկ դատական ձգձգվող պրոցեդուրա չէ, ասես երկնքում տեղի ունեցող… Եթե բոլոր անիրավվածները դիմեն ՄԻԵԴ-ին, և եվրոպական այս ատյանը տարեկան 100-200 որոշում կայացնի ընդդեմ Հայաստանի Հանրապետության, դուք պատկերացնու՞մ եք, թե դա ինչ բեռ կդառնա մեր բյուջեի վրա: Իշխանությունն իր գրպանից չի տալիս այդ փողը, բայց եթե տեսնի, որ ամբողջ հավաքած հարկը գնում է միայն ՄԻԵԴ-ի վճիռների սպասարկմանը, ուզի-չուզի՝ կզգաստանա: Որովհետև իր կատարելիք բյուջեն արդեն պետական բյուջե չի լինի. կառավարությունն էլ անընդհատ չի կարող վարկեր մոգոնել ՄԻԵԴ-ի վճիռների բացած ֆինանսական խորշերը փակելու համար:

Ի՞նչ պիտի անեն՝ պիտի թեքվեն դատարանների կողմը, մատ թափ տան՝ վերջ, սրանից հետո միայն հանգամանալից դատաքննությամբ կայացված վճիռներ: Պիտի հայտարարեն՝ մենք աջ ենք քաշվում, այլևս չենք միջամտում: Որովհետև պիտի, ի վերջո, հաշվարկեն, եթե այսօր միջամտում են որպես իշխանություն, վաղը այդ դատարանը շուռ է գալու իրենց դեմ, հենց իշխանությունը կորցրեցին: Սա ենթադրում է, որ իշխանությունը պիտի տարբերակներ մտածի դատարանների անկախությունն ապահովելու համար, այսինքն, իրեն պիտի տարանջատի դատական իշխանությունից:

Մյուս կողմից, պետք է գտնվեն տարբերակներ դատավորներին ոչ միայն անկախ դարձնելու, այլև հասանելի դարձնելու ուղղությամբ: Որովհետև դատավորների անպատժելիության կես բաժինը նրանց անկախությունն է լրատվամիջոցներից: Նրանք իրավունք չունեն պարզաբանել, թե ինչու կայացրեցին այս կամ այն վճիռը: Այդ մեր դատարանների մեղքով է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ բոլոր դատապարտյալները քաղբանտարկյալներ են, որովհետև ինչպիսի անմարդկային և աղմկահարույց հանցանքի համար էլ պատիժ կրեն, դա արժանի պատիժ չէ, որովհետև չկա այն դատավորը, որի վճիռը իրական դատական համակարգային անկախության արդյունք է։

Եթե որևէ վճիռ իշխանության հետաքրքրությունը չի շարժել, չի նշանակում, որ դատավորն այդ ժամանակ կայացրել է օբյեկտիվ որոշում: Միևնույն է, այդ ժամանակ նա կայացրել է որոշում, որը պահանջել է մեղադրողը: Այսինքն, քաղաքական կամքի բացակայությամբ «օժտված» պետության բոլոր դատապարտյալները քաղբանտարկյալներ են։ Որովհետև, եթե օրենքն ի սկզբանէ չի «խաղում», այն պետք է խաղա քաղաքական կամքով։ Այսինքն, պիտի լինի էդ վճռականությունը օրենքը քեզանից, անհատից, երկրի առաջին դեմքի քմահաճույքից վեր դասելու, քանզի ինքնին օրենքը ոչինչ է, գրադարանի չբացվող գիրք, եթե ընթերցողը գրադարանի տեղը չգիտի։

ՄԻԵԴ-ն այն «Իվանն» է, որի պոչից պիտի բռնի հայ անիրավվածը: Դատական անկախությունն, այլ խոսքով, պետք է կայանա շոկային թերապիայով, եթե չկա քաղաքական կամք, կամ օրենքի զգացում։ Դիցուք, դատավորն ինքը պետք է փոխհատուցի այն գումարը, որը, ըստ ՄԻԵԴ-ի, դատապարտյալը կորցրել է ուղղորդված դատավճռի արդյունքում։ Եթե իշխանությունը տեր է այդ դատավորի գործողություններին, թող անձամբ փակվի այդ գումարը, եթե՝ ոչ, դատավորը պետք է «քցվի»։ Եվ օրենքով ամրագրվի՝ մեկ դատավորի վերաբերյալ ՄԻԵԴ-ի երեք այսպիսի վճռից հետո այդ դատավորը ցմահ զրկվում է իրավական պրակտիկայի հետ գործ ունենալուց։ Այլապես, տղերք, դատավորը և քեֆ է քաշում՝ բյուջեից ստանալով շշմելի չափերի աշխատավարձ (իմ ձեռքում բռնած ամենամեծ գումարը 500 դոլարն է – Մ.Ա.), և չունի քաղաքացիական և իրավական գիտակցություն հասկանալու, որ իրենը օրենքն է, որ օրենքն առանձին իշխանություն է, որ երկրի ներսում իրականացվող դատը արտաքին քաղաքականություն չէ, որ նայես քաղաքական նպատակահարմարություններին, որ դատը երկու սուբյեկտի հարաբերություն է, որում, որքան էլ քաղաքական շահեր լինեն, այնուամենայնիվ, էդ շահերից վեր կա, ասենք, քրեադատավարական օրենսգիրքը, որը վեր է ցանկացած քաղաքական հրամայականից, եթե միայն ի սկզբանե էր ԲԱՆ-ը։ Եթե ի սկզբանէ հեռախոսազանգն է կամ դատավորի «հոտառությունը» ինչ-որ մեկի քիմքին հարմար վճիռ կայացնելու, թող ՄԻԵԴ-ի օգնությամբ պատժվի, խելքը գլուխը հավաքի։ Տեսնենք, դրանից հետո Սերժ Սարգսյա՞նն է ավելի հզոր կերպար, թե Մեղրիի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը։