«Իսլամական պետությունը» գլխատել է Պալմիրայի հայտնի հնագետին

Palmyra arch.«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սիրիական Պալիմիրա հնագույն քաղաքում գլխատել են հայտնի հետազոտող, հնագետ, ճարտարապետական համալիրի տնօրեն Խալեդ Ասաադին: Այս մասին տեղեկացրել է Սիրիայի հնությունների և թանգարանների վարչության տնօրեն Մաամուն Աբդ ալ Քարիմը:

«Դժվար էր պատկերացնել, որ նման գիտնականին, որն այդքան մեծ ներդրում է ունեցել այս վայրի (Պալմիրայի) պատմության մեջ, կարող են գլխատել»,- Al Arabia ալիքը բերում է Աբդ ալ Քարիմի խոսքերը:

Խալեդ Ասաադը 82 տարեկան էր, որից 50-ը նվիրել է Պալմիրայի պատմամշակութային համալիրում հետազոտություններին: Ասաադը հայտնի է իր գիտական աշխատություններով, որոնք նվիրված են բաց երկնքի տակ այդ թանգարանին: Վերջին տասնամյակներին գիտնականը բազմիցս համագործակցել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի հնագիտական առաքելությունների հետ: Ըստ հաղորդագրությունների՝ Ասաադին պատանդ են վերցրել մոտ մեկ ամիս առաջ:

***

Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, Մերձավոր Արևելքի ամենահայտնի ճարտարապետական համալիրներից մեկը: Ահաբեկիչները քաղաքը գրավել են այս տարվա մայիսին: Այն ժամանակ սպանվել էր ավելի քան 400 մարդ: Հունիսին ահաբեկիչներն ականապատել են Պալմիրան, իսկ հուլիսին ոչնչացրել քաղաքի հնագույն հուշարձաններից մի քանիսը: Սիրիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ Պալմիրայի ճարտարապետական բացառիկ համալիրը կարող է կրկնել իրաքյան այն քաղաքների ճակատագիրը, որոնցում ոչնչացվել են բազմաթիվ հուշարձաններ: