Կրակոցներ Թուրքիայի վարչապետի նստավայրի մոտ

DolmabahceՕգոստոսի 19-ին Ստամբուլում՝ Դոլմաբահչե պալատի մոտ, կրակոցներ են հնչել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Պալատը հայտնի է՝ որպես տեսարժան վայր և Թուրքիայի վարչապետի Ստամբուլի նստավայր:

Ինչպես փոխանցում են տեղական լրատվամիջոցները, ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալի: Զինված անձանց թիրախում էին պալատը հսկող ոստիկանները, որոնցից մեկը, ըստ Anadolu-ի, վիրավորում է ստացել:

Որոշ հաղորդագրությունների համաձայն՝ դեպքի վայրում նաև պայթյուն է որոտացել, սակայն տեղեկությունը չի հաստատվել: Կրակոցների ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն գտնվել է մայրաքաղաք Անկարայում և չի ընդհատել այդ պահին հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակվող ելույթը:

Ստամբուլի միջադեպը տեղի է ունեցել թուրքական բանակի՝ քրդական զորամիավորումների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ սկսած այսպես կոչված «ահաբեկչության դեմ միաժամանակյա պատերազմի» ֆոնին:

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ երկրի հարավ-արևելքում՝ Սղերթում (թուրքերեն՝ Սիիրթ), պայթյունի հետևանքով թուրք ութ զինծառայող է զոհվել:

Մեկնաբանել