«Օրանժ Արմենիա»-ն օտարվեց «Յուքոմ»-ին

Ucom4Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) օգոստոսի 20-ին կայացած նիստին որոշում ընդունվեց «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100%  բաժնեմասը «Յուքոմ» ՍՊԸ-ին օտարելու վերաբերյալ: Որոշումն ընդունվեց ՀԾԿՀ-ի բոլոր անդամների համաձայնությամբ:

Նիստի ընթացքում նշվեց, որ ՀԾԿՀ է դիմել «Օրանժ Արմենիա»-ն:

ՀԾԿՀ Հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանն ասաց, որ օտարումը պայմանավորված է «Օրանժ» խմբի ռազմավարությամբ, ըստ որի՝ պարբերաբար վերանայվում են ընկերության ակտիվները, գնահատվում են աճի հնարավորությունները:

«Ինչ վերաբերում է «Յուքոմ»-ի ընտրությանը, ապա մենք գտնում ենք, որ այն բավական հաջողակ օպերատոր է Հայաստանում: Կարծում ենք, որ «Յուքոմ»-ը կկարողանա բարեհաջող իրականացնել գործարքն ու հաջողությամբ շարունակել գործունեությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրանսուազ Կայեն:

***

Հուլիսի 22-ին «Յուքոմ» (Ucom) ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որում տեղեկացնում էր, որ բանակցում է «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնեմասը ձեռք բերելու շուրջ: Հաղորդագրության համաձայն՝ բանակցություններ են վարվում միջազգային ֆինանսական հաստատությունների ներգրավման ուղղությամբ:

Նույն օրը հրավիրված մամուլի ասուլիսին «Օրանժ Արմենիա» ընկերության բաժնետոմսերի հնարավոր վաճառքի մասին խոսել է նաև այդ ընկերության տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: Նա հաստատել է, որ «Օրանժ» խումբը  բանակցություններ է սկսել իր հայաստանյան ընկերության բաժնետոմսերը վաճառելու շուրջ, նշել է, թե «բանակցությունները վերաբերում են ոչ թե «Օրանժի» հեռանալուն, այլ ընկերության բաժնետիրոջ փոփոխություն է նախատեսվում»:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը պատկանում է ֆրանսիական Orange ընկերությանը (մինչև 2013թ. մայիսը՝ France Telecom, ապրանքանիշը՝ Orange), Հայաստանում բջջային կապի ծառայություններ սկսել է մատուցել 2009թ. նոյեմբերից՝ դառնալով բջջային երրորդ օպերատորը «ԱրմենՏել» և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություններից հետո:

«Յուքոմ» ՍՊԸ-ն Հայաստանում գործող, հեռահաղորդակցության ծառայություններ ապահովող ընկերություն է, որը հիմնադրվել է 2007թ: Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ ինտերնետ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը փոխկապված է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ: