Մայր Աթոռում մեկնարկել է Մյուռոնօրհնության նախապատրաստությունը

Holy SeeՕգոստոսի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեցին Մյուռոնօրհնության նախապատրաստական աշխատանքները: Երեկոյան ժամերգությունից հետո ձիթայուղով լի արծաթե կաթսան դրվեց Մայր Տաճարի Ավագ Խորանին` փակվելով շղարշե ծածկոցով:

Ինչպես հաղորդում է Մայր աթոռի մամլո դիվանը, այսուհետ ամեն օր` մինչև Մյուռոնօրհնությունը, երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի ձիթայուղի օրհնության աղոթք:

Ակնարկ

Սուրբ Մյուռոնօրհնությունը կատարվում է յոթ տարին մեկ անգամ: Այս տարի Մյուռոնօրհնությունը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ

Էջմիածնում, որի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու նվիրական սրբություններով կօրհնի սրբալույս Մյուռոնը, ապա նոր օրհնված Մյուռոնը կբաշխվի Հայ Եկեղեցու բոլոր թեմերին:

Սփյուռքի տարբեր թեմերից ուխտագնացների խմբեր, ինչպես նաև աշխարհի տարբեր ծայրերից հավատացյալներ են ժամանում Հայաստան` այս կարևոր իրադարձությանը ներկա գտնվելու համար: Մյուռոնօրհնության նախորդ և հաջորդ օրերին տեղի են ունենում մի շարք միջոցառումներ:

Սուրբ Մյուռոնի բաղադրամասերը խորհրդանշում են սրբագործող զորությունը, որի ամբողջականությունն ու խորհրդի միասնությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է: Սուրբ Մյուռոնի պատրաստման հիմքում ընկած հիմնական տարրը մատղաշ ձիթենու պտուղների մաքուր, զտված ձեթն է, որին ավելացվում է բալասան և 40 տեսակի հոտավետ համեմունքներ, ծաղիկներ, քաղցրաբույր բույսեր, արմատների հյութեր և ծաղկահյութեր, ինչպես նաև տարբեր խնկեր ու բույսերի տերևներից քամված հյութեր: Սուրբ Մյուռոնի բաղադրամասերից յուրաքանչյուրն ավելացվում է սահմանված որոշակի չափով: Դրանց մեծ մասը Հայաստան է բերվում արևելյան երկրներից:

Մյուռոնօրհնության օրը եկեղեցու եպիսկոպոսները Հայ Եկեղեցու խորան են բարձրացնում ավանդական սրբությունները` Սուրբ նշխարները. Ս. Գեղարդը, որով խոցեցին Քրիստոսի կողը, Ս. Կենաց Փայտը` Քրիստոսի խաչափայտի մասունքը և Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, որով օրհնվում է մյուռոնը և հավաքված հավատացյալ հոտը: Երգվում են Մյուռոնօրհնությանը նվիրված շարականներ: