Ինձ հորդորում են ընդունել հաշտության նպատակով մեկնված ձեռքը. «Էյր Արմենիա»-ի տնօրեն

Avetisyan Arsen2«Էյր Արմենիա» ՓԲԸ տնօրեն Արսեն Ավետիսյանը, որը օգոստոսի 15-ին ծեծի էր ենթարկվել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշում է, որ պատրաստ է ընդունել հաշտության առաջարկը, հաղորդում է 168.am կայքը:

Իր հայտարարության մեջ Ավետիսյանը կարծիք է հայտնում, որ «նմանատիպ դեպքերը կարող են բացասաբար անդրադառնալ կազմակերպության ներդրումային քաղաքականության իրականացման և բարեփոխումների վրա»:

«Իմ գործընկերները ինձ հորդորում են պահպանել հավասարակշռություն և ողջախոհություն, ընդունել հաշտության նպատակով ինձ մեկնված ձեռքը, կատարել կշռադատված քայլեր և որոշումներ կայացնելիս հաշվի առնել «Էյր Արմենիա» ավիաընկերության ապագային վերաբերվող յուրաքանչյուր կետ»,- նշել է Արսեն Ավետիսյանը:

Արսեն Ավետիսյանի հայտարարությունն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

***

Օգոստոսի 15-ին հայտնի էր դարձել, որ «Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը ծեծի է ենթարկվել: Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը,  հայտնել էր, որ «Էյր Արմենիա» ընկերությունն ունի պարտքեր և պարտատերերից Գառնիկ Պապիկյանը, որը հանդիսանում է «Տարոն» ավիաընկերության սեփականատերը, դիմել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որպեսզի վերջինս «այլ ճանապարհներով պարտքերը ստանա»: Իզաբելլա Մելքումյանը պատմել է, որ Ռուբեն Հայրապետյանը ամուսնուն հրավիրել էր Ֆուտբոլի ֆեդերացիա՝ հանդիպման: Քիչ անց կինը տեղեկացել է, որ ամուսնուն ծեծելով՝ տարել ու պահում են ֆեդերացիայում: Այնտեղից Ավետիսյանը տեղափոխվել է թիվ 3 կլինիկական հիվանդանոց, այնուհետև՝ Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Օգոստոսի 17-ին Ավետիսյանի կինը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահին, ոստիկանապետին, գլխավոր դատախազին, ԱԱԾ պետին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով ապահովել իր և ընտանիքի անվտանգությունը:

Օգոստոսի 17-ին՝ «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքի օրը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ նախագահը տեղյակ է «Էյր Արմենիա» ընկերության սեփականատիրոջ հետ կապված միջադեպից, և «հարցը պետք է լուծվի իրավական դաշտում, օրենքին համապատասխան»:

«Էյր Արմենիա»-ի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը օգոստոսի 18-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պահանջով  հետաքննության մարմնից  ուղարկվել են դատախազություն, ապա՝ ՀՀ քննչական կոմիտե: