Մարզահամերգային համալիրում խաղատուն չի լինելու. Շարմազանով

SharmazanovԿարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի ճարտարապետական տեսքը չի խախտվելու և այնտեղ խաղատուն չի գործելու: Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Մարզահամերգային համալիրում չի լինելու խաղատուն և չի էլ կարող լինել: Մարզահամերգային համալիրի հետ կապված գործարքը բավական լուրջ է, և հասկանալի է, որ այդ կառույցը թանկ է բոլորիս համար»,- հայտարարել է Շարմազանովը: Վերջինս նաև նշել է, որ համալիրի վաճառքի նպատակն է «աչքի լույսի պես պահելով այն` դարձնել յուրաքանչյուրի համար հետաքրքիր վայր, նոր կյանք հաղորդել համալիրին և նոր շունչ՝ մայրաքաղաքին»:

***

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 13-ի նիստի ժամանակ որոշում է կայացրել Պաշտպանության նախարարության հաշվեկռշում գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել ՆՏԱԱ Իինվեստմենտ Գրուպ ՍՊԸ–ին։ Գույքը վաճառվել է դրանից ընդամենը 20 օր առաջ ստեղծված կազմակերպությանը 30 մլն ԱՄՆ դոլարով: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նիստի ընթացքում ներկայացրել է նախատեսված ծրագիրը. «Ներդրումային ծրագիրը նախատեսում է իրականացնել չորս տարվա ընթացքում և ստեղծել հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ, խաղատուն: Կապահովվի 250 նոր աշխատատեղի ստեղծում»: