Հունաստանի վարչապետը հրաժարական է տվել

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրաս Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրաս

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը օգոստոսի 20-ին նախարարների և իշխող «Սիրիզա» կուսակցության անդամների հետ հանդիպմանը հրաժարական է ներկայացրել և հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին, հաղորդում է BBC-ն: Ցիպրասը նաև հայտարարել է, որ մասնակցելու է նոր ընտրություններին, քանի որ ցանկանում է կրկին վստահության քվե ստանալ:

«Հունվարի 25-ի ընտրություններում ստացած քաղաքական մանդատն սպառված է, և հույները պետք է կրկին հանդես գան իրենց նախապատվություններով»,- ասել է Ցիպրասը:

«Ես հույն ժողովրդի դատին են ներկայացնում այն ամենն, ինչ արել եմ»,- հավելել է Ցիպրասը՝ նկատի ունենալով Աթենքին օգնության վերաբերյալ Եվրամիության հետ կայացրած համաձայնությունը:

Անցյալ շաբաթ Հունաստանի խորհրդարանականները երկարատև բանավեճերից հետո հավանություն են տվել Եվրամիության կողմից օգնության երրորդ փաթեթի պայմաններին, որը կազմում է 86 մլրդ եվրո:

Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը հույս է հայտնել, որ Ցիպրասի հրաժարականը չի ազդի վարկատուների առաջ Հունաստանի պարտավորությունների վրա:

Ալեքսիս Ցիպրասը նաև հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման խնդրանքով դիմելու է երկրի նախագահ Պրոկոպիս Պավլուպուլոսին: Հունական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 20-ին:

Միջազգային վարկատուներն անցյալ շաբաթ համաձայնել էին Հունաստանին 86 մլրդ եվրոյի չափով օգնություն տրամադրել՝ հարկերի բարձրացման և ծախսերի կրճատման դիմաց:

Հունաստանին հատկացվող տրանշի առաջին մասը՝ 26 մլրդ եվրո, կուղղվի բանկերի ռեկապիտալիզացիային և մասամբ՝ Եվրոպական կենտրոնական բանկի առաջ պարտավորությունների մարմանը:

Ֆինանսական օգնության դիմաց Հունաստանը պարտավորվել է անցկացնել մի շարք բարեփոխումներ, որոնց թվում՝ կենսաթոշակային տարիքի բարձրացում, մասնավորեցում, հարկերի բարձրացում և ծախսերի կրճատում:

«Սիրիզա» արմատական ձախ կուսակցության ղեկավար Ալեքսիս Ցիպրասը վճռական հաղթանակ էր տարել այս տարվա հունվարի 25-ին Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում՝ խոստանալով վերանայել երկրին հատկացված վարկն ու խիստ խնայողության ռեժիմը:

Ինչպես գրում են միջազգային պարբերականները, Ցիպրասի հրաժարականի վարկածները շատ են, որոնցից հիմնականը՝ խորհրդարանականների, այդ թվում՝ կուսակիցների հետ բարդ հարաբերությունները. ոչ բոլորն են հաշտվել նրա հետ, որ Հունաստանը համաձայնեց օգնության նոր փաթեթ ստանալ եվրոպական վարկատուներից: Ցիպրասին բազմիցս հիշեցվել է նաև հուլիսի 5-ի հանրաքվեն, որի արդյունքում մասնակիցների  61.3 տոկոսը դեմ է քվեարկել միջազգային վարկատուների կողմից Հունաստանին հերթական անհապաղ վարկի տրամադրմանը: Շատերի կարծիքով՝ այդ հանրաքվեն անիմաստ էր: