ԱՄՆ կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա. Օբամայի նամակը՝ Կոնգրեսին

Obama delivers remarks on a nuclear deal with Iran at American University in WashingtonԱՄՆ-ը պատրաստ է տնտեսական ճնշում գործադրել և ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ այն դեպքում, եթե վերջինս խախտի միջազգային միջնորդների Վեցյակի հետ (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ռուսաստան) համաձայնությունը իրանական միջուկային ծրագրի շուրջ: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին ուղղված նամակում:

New York Times թերթի տվյալներով՝ օգոստոսի 19-ի նամակը հասցեագրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ջերոլդ Նադլերին, սակայն ուղղված էր նաև մյուս դեմոկրատներին, ովքեր մտահոգություններ ունեն համաձայնության հարցում:

«Եթե Իրանը քայլեր ձեռնարկի միջուկային զենքի [ստեղծման] ուղղությամբ, Իրանի ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, այդ թվում՝ ռազմականը, հասանելի կլինեն ինչպես գործարքի ուժի մեջ լինելու, այնպես էլ դրա ավարտից հետո»,- ամերիկյան պարբերականը բերում է հատված ԱՄՆ-ի նախագահի նամակից:

Օբաման նաև խոստացել է անհրաժեշտության դեպքում ավելացնել Իսրայելին հրթիռների մատակարարումների ծավալը, արագացնել համագործակցությունը հակահրթիռային պաշտպանության ոլորտում:

ԱՄՆ-ի առաջնորդը խոստացել է նաև ընդլայնել Իսրայելի և Պարսից ծոցի երկրների հետ համագործակցությունը՝ կանխելու Իրանի գործողությունները, որոնք միտված են «Եմենում իրավիճակի ապակայունացմանը, Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի պահպանմանն ու Լիբանանում «Հեզբոլլահ»-ի աջակցությանը»:

Օբաման բազմիցս կրկնել է, որ Իրանի և Վեցյակի համաձայնությունը փոփոխության ենթակա չէ:

***

Հուլիսի 14-ին Իրանն ու միջազգային միջնորդների Վեցյակի երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ռուսաստան) համաձայնության են հասել իրանական միջուկային ծրագրի շուրջ:

ըստ համաձայնության` Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին թույլ կտա մուտք ունենալ իր բոլոր, այդ թվում` ռազմական օբյեկտներ, սակայն տեսուչները չեն ունենա ցանկացած պահի և ցանկացած օբյեկտում հայտնվելու իրավունք; Իրանը համաձայնել է, որ պատժամիջոցները կարող են վերականգնվել 65 օրվա ընթացքում, եթե Թեհրանը խախտի համաձայնագիրը; զենքի մատակարարումների արգելքը պետք է վերացվի հինգ տարվա ընթացքում; նավթի և գազի վաճառքի, ֆինանսական գործարքների, ավիացիայի և նավագնացության ոլորտներում պատժամիջոցները կվերացվեն, և միլիարդավոր դոլարների իրանական ակտիվները կապասառեցվեն:

Հայաստանը ողջունել է Իրանի և միջազգային միջնորդների միջև ձեռք բերված համաձայնությունը. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հայտարարությունում հույս է հայտնել, որ դա «հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար»:

Մեկնաբանել