PKK-ն Թուրքիայի Դերսիմի նահանգն ինքնավար շրջան է հռչակել

PKK DersimՔրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) Թուրքիայի Դերսիմ նահանգն ինքնավար է հռչակել՝ ստուգիչ-անցագրային կետեր սահմանելով գլխավոր ավտոճանապարհին:

Քրդական Rudaw կայքում հրապարակված տեսանյութից երևում է, որ PKK-ի զինյալները վերահսկողություն են սահմանել ավտոճանապարհի վրա, զննում են մեքենաներն ու ուղևորներին:  

Տեսանյութում զինյալներից մեկն ասում է, որ իրենք իրացնում են իրենց և իրենց ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Դերսիմում ժողովրդավարական ինքնավարություն հաստատում:

Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ Թուրքիայի գերազանցապես քրդաբնակ Դողուբեյազըթ քաղաքի բնակչությունը ինքնավարություն է հռչակել: Նոր վարչակազմի անդամներից Մուհսին Քուլան հայտարարել է, որ իրենք չեն ճանաչում շրջանում գործող պետական կառույցների իշխանությունը:

***

Այս տարվա հուլիսին թուրքական օդուժը սկսեց հարվածներ հասցնել PKK-ի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին՝ գործողություններն անվանելով «ահաբեկչության դեմ միաժամանակյա պատերազմ»: Այսպիսով խախտվեց քրդերի և Թուրքիայի միջև զինադադարը, որը տևեց երկու տարի և որի նպատակն էր վերջ դնել երեք տասնամյակ տևող հակամարտությանը. դրա արդյունքում զոհվել է մոտ 40 հազ. մարդ: Հուլիսի վերջից մինչև օրս քուրդ զինյալների և թուրքական բանակի միջև բախումները շարունակվում են: