Արտակ Բուդաղյանը մեղավոր ճանաչվեց

Artak-Budaghyan1Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 2013 թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով դատավճիռը, ըստ որի՝ գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանը մեղավոր ճանաչվեց: Որպես պատիժ` դատարանը նշանակեց տուգանք` 120 հազար դրամի չափով: Մեղադրող դատախազը Բուդաղյանի համար 150 հազար դրամ տուգանք էր առաջարկել:

Արտակ Բուդաղյանը մեղադրվում է սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ։

2013թ. հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմացի հատվածում հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ նրա եղբայրը` պաշտպանության բանակի զորամասի հրամանատար, գնդապետ, 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանության փաստով ձերբակալվել էին Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Նրանց մեղադրանքներ էին առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: Սակայն դեպքից երեք ամիս անց Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանն ազատ արձակվեցին:

Իր տան դիմաց հնչած կրակոցներից հետո` 2013թ. հունիսի 6-ին, Սուրիկ Խաչատրյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնից: Կառավարության 2014թ. սեպտեմբերի 25-ի որոշմամբ նա կրկին նշանակվեց այդ պաշտոնում:

Դիտե՛ք Ավետիք Բուդաղյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանի հետ հարցազրույցը