«Ոտքի՛ Հայաստան»-ի հանրահավաքը, բերման ենթարկվածներ և միջադեպ

Stand up«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունը օգոստոսի 21-ին հանրահավաք էր հրավիրել՝ պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը:

Ոստիկանության հետ բախումների արդյունքում բերման են ենթարկվել քաղաքացիներ, որոնց թվում` Անդրիաս Ղուկասյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Նրանք ավելի ուշ ազատ են արձակվել:

Հանրահավաքի ընթացքում ոստիկաններից մեկն ապտակել է մի տարեց մարդու: Ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում հանրահավաքի մասնակից Դավիթ Սանասարյանը, տեղադրելով ապտակի բացառիկ կադր, արել է հետևյալ գրառումը.

«Վովա Գասպարյան, էս որդերի հետ պատասխան ես տալու․․․

Քեզ ու ձեզ մենք ենք սթափեցնելու

Քանի որ հազարավոր ընկերներ ունեմ, խնդրում եմ հայհոյել մտքներում կամ ոստիկանությունում․․․

Հ․Գ․ Հակոբ պապի ներողություն եմ խնդրում»:

***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Հունիսի 19-ին Երևանում` Ազատության հրապարակում, մեկնարկեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը: Հունիսի 22-ին ցույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ բերման ենթարկելով և նույն օրը ազատ արձակելով 237 քաղաքացու:

Հունիսի 24-ից քաղաքացիները Բաղրամյան պողոտայում նստացույց սկսեցին:

Հունիսի 26-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի: Հունիսի 27-ի երեկոյան Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ և հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` նշելով, որ ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չեն դիպչի, այլ գումարներ կգտնեն անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:

Հունիսի 28-ի երեկոյան «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանդես եկան հայտարարությամբ` Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին կոչ անելով երթով շարժվել Ազատության հրապարակ և այնտեղ «կայացնել խելամիտ որոշումներ»: Ցուցարարների շատ քիչ մասը հետևեց կոչին, իսկ մեծ մասը բողոքը շարունակեց Բաղրամյան պողոտայում:

Հուլիսի 6-ին՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երկու շաբաթ տևած ցույցերից հետո, ոստիկանությունը Երևանի Բաղրամյան պողոտան ազատեց ցուցարարներից և բացեց երթևեկությունը: Պողոտան փակ մնաց երկու շաբաթ: Սա քաղաքացիական ընդվզման աննախադեպ դրսևորում էր Հայաստանում, որի հիմքում ընկած են ավելի շատ գործոններ, քան սոսկ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է:

Էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ զարգացումները, դրանց խորքային պատճառները և հնարավոր լուծումները՝ Սիվիլիթաս հիմնադրամի «#ElectricYerevan. Շարժման անատոմիան» խորագիրը կրող տեղեկանքում:

Մեկնաբանել