Չորս օր` ծառայողական քննությունն ավարտելու համար. «Ոչ թալանին»

Լուսանկարը` «Ոչ թալանին» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից Լուսանկարը` «Ոչ թալանին» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից

Բոլոր իրավական ընթացակարգերն արվել են, ոստիկանությունը բոլոր իր աշխատակիցների գործողություններին համարժեք գնահատական է տալիս: Այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` օգոստոսի 22-ին Ոստիկանության շենքի մոտ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած հավաքին: Ահարոնյանի հայտարարությունը վերաբերում է օգոստոսի 21-ին «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ տարեց քաղաքացուն ապտակած ոստիկանի հետ կապված միջադեպին: Այսօր` ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ ավագ լեյտենանտ Վարդգեսյանի ծառայողական լիազորությունները դադարեցվել են, տարվում է ծառայողական քննություն:

«Պատժել տականք ոստիկանին» ակցիայի մասնակիցները Աշոտ Ահարոնյանից և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից պահանջեցին ակցիայի անցկացման վայր կանչել ոստիկանին, որպեսզի վերջինս հրապարակային ներողություն խնդրի իր արարքի համար:

Ի պատասխան` Օսիպյանը հայտարարեց, որ ոստիկանը «ֆիզիկապես ի վիճակի չէ» ներկայանալ ակցիայի անցկացման վայր, քանի որ բուժում է ստանում: Ցուցարարներն իրենց թերահավատությունն արտահայտեցին ծառայողական քննության անաչառության հարցում և ասացին, որ վստահ չեն` արդյոք որոշ ժամանակ անց այդ ոստիկանի լիազորությունները չեն վերականգնվի: Նրանք նշեցին, որ նախկինում նման նախադեպեր եղել են:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, բարձրախոսով դիմելով հավաքվածներին, հայտարարեց, որ ծառայողական քննությունն ավարտելու համար ոստիկանությանը տալիս են չորս աշխատանքային օր. մինչև ուրբաթ քննությունը չավարտելու դեպքում կոչ արեց այդ օրը քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերել: Մաքս Սարգսյանը նաև ասաց, որ պահանջում են ոստիկանությունից երկուշաբթի օրը տեսանյութ հրապարակել, որում քաղաքացիների դեմ բռնի գործողություններ իրականացրած ոստիկանը ներողություն կխնդրի իր արարքների համար: Ակտիվիստը նաև փոխհատուցման հարց բարձրացրեց` հիշեցնելով, որ քաղաքացուն պատճառվել է գույքային վնաս:

***

«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունը օգոստոսի 21-ին հանրահավաք էր հրավիրել՝ պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը: Ոստիկանների հետ բախումների արդյունքում մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել. նրանք ավելի ուշ բաց են թողնվել: Երեկվանից լրատվամիջոցների և հանրության ուշադրության կենտրոնում է հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, երբ ոստիկանը ապտակում է ակցիայի տարեց մի մասնակցի:

Ոստիկանների կոպիտ վարքագիծը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Մեկնաբանել