«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սիրիական Պալմիրա քաղաքում պայթեցրել են Բաալ-շամին տաճարը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հաղորդում է BBC-ն:
Մ.թ. առաջին դարում փյունիկյան աստվածության պատվին կառուցված տաճարը ուշ անտիկ շրջանի ամենանշանակալի հուշարձաններից էր: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը վնասել է նաև մի քանի հնագույն հռոմեական սյուներ:
Անցյալ շաբաթ ծայրահեղականները գլխատել էին Պալմիրայի ճարտարապետական համալիրի 82-ամյա տնօրեն, հայտնի հնագետ Խալեդ Ասաադին:
Սիրիացի պաշտոնյաները հայտարարում են, որ, իրենց տեղեկատվությամբ, տաճարը քանդվել է օգոստոսի 23-ին, սակայն Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբի ակտիվիստները հայտարարում են, որ տաճարը պայթեցվել է մեկ ամիս առաջ:
***
Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, Մերձավոր Արևելքի ամենահայտնի ճարտարապետական համալիրներից մեկը: Ահաբեկիչները քաղաքը գրավել են այս տարվա մայիսին: Այն ժամանակ սպանվել էր ավելի քան 400 մարդ: Հունիսին ահաբեկիչներն ականապատել են Պալմիրան, իսկ հուլիսին ոչնչացրել քաղաքի հնագույն հուշարձաններից մի քանիսը: