ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների դեմ «ոչ»-ի շարժմանը

Michael Melkumyan ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը, կապված սահմանադրական բարեփոխումների հետ, ենթարկվել է փոփոխությունների. օգոստոսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«ԲՀԿ քաղաքական խորհրդում մասնագիտական մակարդակով քննարկումները շարունակվում են, ԲՀԿ-ն պետք է կայացնի քաղաքական որոշում»,- ասաց Մելքումյանը:

Պատգամավորի խոսքով՝ ՀՀ սահմանադրության նոր նախագծով հանվում է իշխանության վերարտադրության հարցը: ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրության դեմ շարժմանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Միքայել Մելքումյանի հայտարարություններն ու ասաց, որ դրանք համապատասխանում են կուսակցության դիրքորոշմանը:

Նա տեղեկացրեց, որ կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քաղաքական դիրքորոշմամբ հանդես կգա առաջիկայում՝ կուսակցության քաղաքական խորհրդի մասնագիտական քննարկումների ավարտից հետո: Բաբայանը հավելեց, որ իրենք նախատեսում են հանդիպել Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ և հարցի վերաբերյալ իրենց մտահոգություններն արտահայտել:

Դիտարկմանը, թե նախկինում կուսակցության դիրքորոշումն այն էր, որ սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության մեխանիզմ է, Բաբայանը պատասխանեց. «Ամբողջական տեքստի հրապարակումից հետո փարատվել է մեր մտահոգությունը, որ դա արվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության համար»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սահմանադրական փոփոխություններում Սերժ Սարգսյանի վերարտադրության խնդիր չի տեսնում»,- ասաց Վահան Բաբայանն ու նշեց, որ իրենք չեն մասնկցելու «ոչ»-ի շարժմանը:

***

Հուլիսի 15-ին հրապարակվեց ՀՀ նոր սահմանադրության նախագիծը:

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 21-ին սահմանադրության փոփոխությունների նախագիծն ուղարկեց Ազգային ժողով:

Նախագծի մասին ՍիվիլՆեթի եթերում արտահայտված տեսակետներից հատվածներ` այս տեսանյութում:

Մեկնաբանել