Ռուսական ռուբլին ռեկորդային ցածր փոխարժեք է գրանցել դոլարի նկատմամբ

RubleՕգոստոսի 25-ի համար Ռուսաստանի բանկը դոլարի փոխարժեքը սահմանել է 70,75 ռուբլիի մակարդակում: Անցյալ օրվա համեմատ՝ ԱՄՆ տարադրամը թանկացել է միանգամից 2,6 ռուբլիով:

Այսպիսով՝ դոլարի պաշտոնական փոխարժեքը թարմացրել է պատմական առավելագույն ցուցանիշը 1998-ից սկսած: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2015թ. փետրվարի 3-ին, երբ ՌԴ Կենտրոնական բանկը ԱՄՆ տարադրամի փոխարժեքը բարձրացրել էր մինչև 69,66 ռուբլի:

Օգոստոսի 25-ի համար եվրոյի փոխարժեքը սահմանվել է 81,15 ռուբլի՝ 4,5 ռուբլիով ավելի, քան նախորդ օրը: Եվրոն դեռ չի հասել իր առավելագույն մակարդակին, որը գրանցել էր 2014թ. դեկտեմբերի 18-ին (84,59 ռուբլի):

Ռուբլիի կտրուկ թուլացումը տեղի է ունենում նավթի համաշխարհային գների անկման ֆոնին. Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքն է 43 դոլար:

Մեկնաբանել