«Վենետիկի հանձնաժողովը սկզբունքային տարաձայնություններ չունի»

Venice Commission meet Serzh SargsyanՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին: Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում միջազգային այս հեղինակավոր կառույցի ցուցաբերած բարձրորակ մասնագիտական օժանդակության համար՝ կարևորելով դրա նշանակությունը երկրում ընթացող իրավական բարեփոխումների գործում:

Նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշվում է, թե «շեշտվել է, որ քննարկվող նախագծի կապակցությամբ սկզբունքային տարաձայնություններ չկան»:

Մինչդեռ Վենետիկի հանձնաժողովը ՀՀ նոր սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ մի շարք սկզբունքային տարաձայնություններ էր ներկայացրել հուլիսի վերջին հրապարակած իր փաստաթղթում: Վենետիկի հանձնաժողովը, օրինակ, առաջարկում էր նոր սահմանադրության նախագծից հանել «առավել մեծ թվով ձայներ հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլի մասին» դրույթը:

Նոր սահմանադրության նախագծի 89/4 հոդվածը սահմանում է. «Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները»:

***

Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին է, որը կազմված է սահմանադրական իրավունքի անկախ փորձագետներից: Այն ստեղծվել է 1990թ. Բեռլինի պատի փլուզումից հետո: Հանձնաժողովի պաշտոնական անվանումն է Ժողովրդավարության եվրոպական հանձնաժողով՝ իրավունքի միջոցով: Վենետիկի հանձնաժողովի հիմնական աշխատանքը սահմանադրություններն ու դրանց նախագծերն են, ինչպես նաև սահմանադրական իրավունքի այն բնագավառները, որոնք վերաբերում են փոքրամասնությանը կամ ընտրական իրավունքին:

Մեկնաբանել