Սև երկուշաբթին և դրամի ազատ անկման հեռանկարը

dram money pogh (11) copyՕգոստոսի 24-ը հայտնի դարձավ «սև երկուշաբթի» անունով: Երեկ չինական արժեթղթերի շուկան 8.5 տոկոս անկում է գրանցել: Դրան հետևել է ռուբլու անկումը դոլարի և եվրոյի նկատմամբ, իսկ նավթի գները սկսել են անկում ապրել: Ավելի ուշ չինական շուկայի անկմանը բացասական են արձագանքել Եվրոպայի և ԱՄՆ-ի շուկաները: Ամենաբացասականը Եվրոպայի տարածքում արձագանքել է Հունաստանի տնտեսությունը. հունական արժեթղթերի շուկան 10 տոկոս անկում է գրանցել: Սա ցույց է տալիս, որ թույլ տնտեսությունները ավելի զգայուն են նոր հասունացող ճգնաժամին:

Նոր ճգնաժամի կոնկրետ պատճառները դեռևս հայտնի չեն, բայց հնարավոր մեծ ազդեցություն են ունեցել չինական տնտեսության զարգացման տեմպերի դանդաղումը, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի (ԱՄՆ Կենտրոնական բանկի) շուկայում անորոշություն ստեղծած քաղաքականությունը, ինչպես նաև նավթի գների անկումը:

Հայաստանում ստեղծված իրավիճակի առաջին արձագանքներից մեկը եղավ դրամի անկումը՝ օգոստոսի 21-ի համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքը 480-ից փոխանակման կետերում բարձրացել է 489 դրամի: Օգոստոսի 25-ի ցերեկը երկար ժամանակ rate.am կայքի «Փոխանակման կետեր» բաժնում դոլարի փոխարժեքը գրված չէր, միայն երեկոյան այդ թվերը հայտնվեցին:

Սրանք դեռ առաջին արձագանքներն են ստեղծված իրավիճակին: Առավել դժվար իրավիճակ է սպասվում առաջիկայում, քանի որ ռուսական շուկայի ազդակները դեռևս կոնկրետ ազդեցություն չեն ունեցել Հայաստանի վրա:

Նավթի գնի, ինչպես նաև ռուբլու փոխարժեքի անկումը ազդեցություն են ունենալու տրանսֆերտների վրա: Խնդիրն այն է, որ վերջերս Հայաստանը նաև Ռուսաստանի համար դոլար գնելու շուկա է դառնում, ինչը մեծ ազդեցություն է ունենում դոլարի փոխարժեքի վրա:

Դեռևս դեկտեմբերի ճգնաժամի ժամանակ իշխանության սխալ վարքագծի պատճառով շուկայում խուճապ ստեղծվեց, որի արդյունքում դրամը ցավոտ անկում ապրեց: Իշխանությունը դեռ բացատրություն չի տվել, թե ինչպես է արձագանքելու նոր ստեղծված իրավիճակին:

Չինաստանից սկիզբ առած գործընթացը հիշեցնում է 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի նախանշանները: Հնարավոր է՝ համաշխարհային տնտեսությունը մտնի ճգնաժամի նոր փուլ, սակայն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Հայաստանի իշխանությունը որևիցե գործնական քայլեր չի ձեռնարկում: Դեռ 2008թ. սկիզբ առած ճգնաժամի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր՝ «եթե ճգնաժամի մասին չխոսենք, ապա այն կշրջանցի Հայաստանը»:

Այսօր իշխանությունը ոչ միայն չի խոսում ճգնաժամի մասին, այլև զբաղված է լրիվ այլ հարցերով: Հովիկ Աբրահամյանը արձակուրդում է, իսկ Սերժ Սարգսյանին մտահոգում է միայն իր վերարտադրության սահմանադրությունը: Օգոստոսի 24-ին, երբ փլուզվում էին համաշխարհային շուկաները, Բաղրամյան 26-ի վերահսկողության տակ աշխատող լրատվամիջոցները սահմանադրական փոփոխություններն էին գովերգում:

Հայաստանում այսօր չկա սահմանադրական ճգնաժամ, սակայն հասունանում է ֆինանսատնտեսական նոր ճգնաժամ: Իշխանությունը, փոխանակ արձագանքի ֆինանսատնտեսական հասունացող ճգնաժամին, նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ, որն էլ ավելի է խորացնելու ստեղծված ճգնաժամը:

Ինչպես միշտ, Սերժ Սարգսյանը առաջնահերթ լուծում է իր, այլ ոչ թե հանրությանը հուզող խնդիրները: Նրան քիչ է հետաքրքրում սև երկուշաբթին և դրամի անկումը: