Լևոն Զուրաբյանը Վենետիկի հանձնաժողովին հիշեցրեց Ծառուկյանի դեպքը

levon-zurabyan-2Այստեղ ենք, որպեսզի լսենք ձեզ. այսպիսի հայտարարություն արեցին Վենետիկի հանձնաժողովի անդամները օգոստոսի 25-ին Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ԱԺ խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Հանձնաժողովի անդամները, դիմելով խմբակցությունների ներկայացուցիչներին, ասացին, որ Վենետիկի հանձնաժողովը մի կազմակերպություն չէ, որը նստած է հեռվում և չի մասնակցում այստեղի գործընթացներին:

Հանձնաժողովի անդամ, Ավստրիայի ներկայացուցիչ Կրիստոֆ Գրաբենվարտերը նշեց. «Այս աշխատանքը կրում է խորհրդատվական բնույթ, քանի որ սա առաջին հերթին ձեր ընտրությունն է` ընդունել կամ չընդունել այս Սահմանադրությունը»:

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների հարցում, հայտարարեց, որ նոր սահմանադրությունը Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության համար է:

«Իմ կարծիքով՝ դուք բաց եք թողել ամենակարևոր գործառույթներից մեկը` վարչապետի նշանակումը: Ես չգիտեմ որևէ խորհրդարանական կարգ, որտեղ նման բան գոյություն ունի. սա արվում է սովորաբար միապետի կողմից, մոնարխիայի դեպքում: Սա բացառիկ լիազորություններ է տալիս ԱԺ նախագահին, ինչի մասին դուք չեք խոսել: Սա պատահական չէ արված, իրականում ԱԺ նախագահը ստանում է մեծ լծակներ, լուրջ կշիռ»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը՝ նկատի ունենալով այն, որ նոր սահմանադրությամբ վարչապետի թեկնածությունն առաջադրելու է ԱԺ նախագահը:

Զուրաբյանը նաև նշեց, որ փոփոխությունների հարցում քաղաքական կոնսենսուս չկա և որպես օրինակ բերեց ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի դեպքը, որը հակադրվեց փոփոխություններին և արդյունքում՝ ահաբեկչություն տեղի ունեցավ. ԲՀԿ ղեկավարը լքեց քաղաքականությունը:

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչը շատ կարճ պատասխանեց Զուրաբյանի հարցին՝ ասելով, որ իրենց գործը չէ մեկնաբանել քաղաքական իրավիճակն ու զարգացումները:

ՀԱԿ-ը մերժել է նախագահի առաջարկը

Հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխությունները քննարկելու նպատակով իրեն է զանգահարել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանի անունից առաջարկություն փոխանցել։ Ի պատասխան՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասել է, որ իրենք գիտակցում են այս գործընթացի նպատակն ու այն աընդունելի համարում:

«Մենք վստահ ենք, որ որևէ խոսակցություն այդ առումով իմաստ չունի, քանի որ այդ նպատակը միևնույն է չի փոխվելու», – Վիգեն Սարգսյանին պատասխանել է Զուրաբյանը։

Մեկնաբանել