«Սև երկուշաբթի»-ից հետո շարունակվում է ասիական շուկաների անկումը

Օգոստոսի 25-ին՝ «Սև երկուշաբթի»-ից հետո, ասիական շուկաները շարունակել են անկում ապրել: Ճապոնիայի իշխանությունները ֆինանսական ներկայիս փոթորկի պայմաններում խոստացել են տնտեսության կայունացմանն ուղղությամբ միջոցներ ձեռնարկել. վերջին անգամ նման ցնցում էր գրանցվել 2007թ.:

Օգոստոսի 25-ին կրկին անկում է գրանցվել չինական արժեթղթերի շուկայում: Վաճառքների ավարտին չինական Shanghai Composite ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է ևս 4,3%-ով՝ հասնելով 3071 կետի: 3000 կետը հոգեբանական այն կարևոր շեմն է, որին հասնելով՝ ներդրողները կարող են զանգվածայնորեն սկսել արժեթղթերի վաճառք:

Գլխավոր մտահոգությունն այն է, որ աշխարհի երկրորդ խոշորագույն` չինական տնտեսության դանդաղումը կհանգեցնի Չինաստանի հետ կապված ընկերությունների և երկրների տնտեսական արդյունքների նվազմանը:

Սև երկուշաբթի

Օգոստոսի 24-ին՝ երկուշաբթի օրը, որը ստացավ «սև երկուշաբթի» անունը, Շանհայի ֆոնդային բորսայի ցուցիչը կորցրեց 8,5%, ինչը հանգեցրեց ամբողջ աշխարհում արժեթղթերի շուկաների անկմանը: Ասիականներին հետևեցին նաև եվրոպական բորսաները:

Փորձելով կայունացնել իրավիճակը՝ Չինաստանի Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի մեջ ներարկեց 150 մլրդ յուան (22,4 մլրդ դոլար):

Չինաստանի արդյունաբերական ակտիվությունն այս ամիս անկում է ապրում վերջին վեց տարիների ընթացքում ամենաարագ տեմպերով: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի չինական տնտեսությունը գրանցել է 7,4% աճ. դա ամենացածր ցուցիչն է սկսած 1990-ից, դա նաև ցածր է երկրի իշխանությունների սահմանած նվազագույն մակարդակից՝ 7,5%:

Անցյալ շաբաթ Չինաստանի Կենտրոնական բանկը փորձեց հանդարտեցնել շուկայի մտավախությունները՝ հայտարարելով, որ յուանի հետագա թուլացման համար պատճառներ չկան, այդուհանդերձ, աշխարհի տնտեսագետները ուշիուշով հետևում են չինական տնտեսությանը. չափազանց շատ բան է կախված նրանից արդի աշխարհում:

Ռուսական ռուբլին ռեկորդային անկում գրանցեց

Ռուսական արժեթղթերի շուկան բացառություն չեղավ: Օգոստոսի 25-ի համար Ռուսաստանի բանկը դոլարի փոխարժեքը սահմանել էր 70,75 ռուբլիի մակարդակում: Այսպիսով՝ դոլարի պաշտոնական փոխարժեքը թարմացրեց պատմական առավելագույն ցուցանիշը՝ սկսած 1998-ից: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2015թ. փետրվարի 3-ին, երբ ՌԴ Կենտրոնական բանկը ԱՄՆ տարադրամի փոխարժեքը բարձրացրել էր մինչև 69,66 ռուբլի:

Դրամը՝ ռիսկի գոտում

Bloomberg գործակալության փորձագետներն անցյալ շաբաթ կարծիք էին հայտնել, որ չինական յուանի արժեզրկումը շղթայական ռեակցիա է առաջացրել, ինչի հետևանքով Ռուսաստանի Դաշնության հարևան երկրների ազգային արժույթները հայտնվել են ռիսկի գոտում:

«Ռուսական ռուբլու շարունակական թուլացումը այդ երկրների համար անբերանպաստ պայմաններ է ստեղծում Ռուսաստանի հետ առևտրում»,- նշել էր գործակալությունը:

Ռիսկի գոտում հայտնված արժույթների թվում Bloomberg-ը նշել էր նաև հայկական դրամը և շեշտել, որ վերջին 12 ամիսներին ՀՀ ազգային արժույթն արժեզրկվել է 15 տոկոսով:

Մեկնաբանել