Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի. դատախազություն

TH_Ruben-Hayrapetyan«Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին առևանգելու, ազատությունից զրկելու հանգամանքները ձեռնարկված միջոցներով հերքվել են, հետևաբար այդ փաստերի առիթով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցադեպի բացակայության հիմքով: Որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին. այս մասին հաղորդում է ՀՀ դատախազությունը:

Դատախազության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ավետիսյանը հերքել է իրեն առևանգելու հանգամանքը՝ նշելով, որ, ըստ պայմանավորվածության, ինքն իր կամքով է գնացել Ֆուտբոլի ակադեմիա, հերքել է նաև իրեն` իր կամքին հակառակ այնտեղ պահելու հանգամանքը՝ կնոջ կողմից նման տեղեկություններ հայտնելը բացատրելով լարված վիճակում միմյանց սխալ հասկանալու արդյունք: Ինչպես նաև նշել է, որ հաշտվել է Ռուբեն Հայրապետյանի հետ և վերջինիս նկատմամբ բողոք պարտք ու պահանջ չունի»:

Ըստ դատախազության հաղորդագրության՝ օգոստոսի 17-ին բացատրություն է տվել Ռուբեն Հայրապետյանն այն մասին, որ ճանաչում է Արսեն Ավետիսյանին և «նրա հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ»:

«Ռուբեն Հայրապետյանը հերքել է Ավետիսյանին առևանգելու, ազատությունից զրկելու, իր թիկնազորի կողմից Արսեն Ավետիսյանին ծեծելու հանգամանքը, ինչպես նաև Արսենի կողմից իրեն հարվածելու համգամանքը: Ինչպես նաև նշել է, որ իրենք հաշտվել են միմյանց հետ և չի առարկել, որ քրեական գործի հարուցումը մերժվի ոչ արդարացնող հիմքով»,- հայտնում է ՀՀ դատախազությունը:

«Այսպիսով, ձեռնարկված միջոցներով հերքվել են Արսեն Ավետիսյանին առևանգելու, ազատությունից զրկելու հանգամանքները, հետևաբար այդ փաստերի առիթով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցադեպի բացակայության հիմքով»,- եզրափակում է գերատեսչությունն ու տեղեկացնում, որ որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

***

Օգոստոսի 15-ին հայտնի էր դարձել, որ «Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը ծեծի է ենթարկվել: Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը, հայտնել էր, որ «Էյր Արմենիա» ընկերությունն ունի պարտքեր և պարտատերերից Գառնիկ Պապիկյանը, որը հանդիսանում է «Տարոն» ավիաընկերության սեփականատերը, դիմել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որպեսզի վերջինս «այլ ճանապարհներով պարտքերը ստանա»: Իզաբելլա Մելքումյանը պատմել է, որ Ռուբեն Հայրապետյանը ամուսնուն հրավիրել էր Ֆուտբոլի ֆեդերացիա՝ հանդիպման: Քիչ անց կինը տեղեկացել է, որ ամուսնուն ծեծելով՝ տարել ու պահում են ֆեդերացիայում: Այնտեղից Ավետիսյանը տեղափոխվել է թիվ 3 կլինիկական հիվանդանոց, այնուհետև՝ Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Օգոստոսի 17-ին Ավետիսյանի կինը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահին, ոստիկանապետին, գլխավոր դատախազին, ԱԱԾ պետին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով ապահովել իր և ընտանիքի անվտանգությունը:

Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը օգոստոսի 18-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պահանջով հետաքննության մարմնից ուղարկվել են դատախազություն, ապա՝ՀՀ քննչական կոմիտե:

Օգոստոսի 20-ին հրապարակվել է Արսեն Ավետիսյանի հայտարարությունը, որով նա տեղեկացնում էր, որ պատրաստ է հաշտվել Ռուբեն Հայրապետյանի հետ:

Մեկնաբանել